Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոֆիայի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է տեղի BGNES լրատվական գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ Սոֆիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ խափանվել է «Ֆալկոն» ինքնաթիռի նավիգացիոն համակարգը։ Օդաչուներին չի հաջողվել վերագործարկել այն, ինչի պատճառով ստիպված են եղել վայրէջք կատարել ձեռքի կառավարման ռեժիմով։
Ինչպես նշվում է կառավարության մամուլի ծառայությունում, ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել, անձնակազմից և ուղևորներից՝ այդ թվում կառավարության պատվիրակության անդամներից ոչ մեկ չի տուժել։