Գլխավոր Հասարակություն 

Ես դեմ եմ սեռափոխության մասին ֆիլմի ցուցադրությանը, դրանով սերունդ է փչանում․ Սիմոն Մարտիրոսյանը՝ Դալուզյանի ֆիլմի մասին

analitik.am

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ծանրամարտի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ խոսելով Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի վերաբերյալ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին. «Էս ուր ենք հասել ժողովուրդ: Դա նորմալ է հ՞ա, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին: Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք»,-գրել էր նա:

Analitik.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ իր գրառումը շատ քաղաքականացվեց, սակայն դրա մեջ ընդհանրապես քաղաքական որևէ բան չկար, անգամ կապ չունի, որ ինքը ծանրամարտիկ է։ Իր ասածն այն էր, որ ինքը ավանդական հայկական ընտանիքի կողմնակից է․ «Ես պաշտպանում եմ ավանդական հայկական ընտանիքը, ես չեմ ընդունում սեռափոխության պրոպագանդան և արտահայտվել եմ որպես անհատ, ոչ թե՝ որպես սպորտի աշխարհի ներկայացուցիչ»։

Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի հավաքականը խնդիր ունի, քանի որ դոպինգ սկանդալի պատճառով մեր օլիմպիական ռեյտինգային տեղերը ոչ թե 4-ն են, այլ՝ երկուսը, և դեռ դա էլ պետք է քննարկվի:

Նրա խոսքերով, Հայաստանը շատ Եվրոպայի չեմպիոններ ունի, որոնց ուղղակի չեն հիշում, որովհետև դա այնքան էլ մեծ արդյունք չէ սպորտի մեջ:

«Պատմության մեջ գրանցվում են օլիմպիական խաղերով, երևի՝ աշխարհի առաջնություններով: Յուրաքանչյուրի անձնական գործն է, թե ինչ կյանքով է ցանկանում ապրել, մենք չենք խառնվում իր կյանքին: Ես դեմ եմ, որ սեռափոխության մասին ֆիլմը ցուցադրվի. այդ ձևով սերունդ է փչանում և նման մտածողություն է ձևավորվում: Սա էր այն, ինչ ցանկանում էի ասել»,-ասաց Մարտիրոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք շփվել է Մելինե Դալուզյանի հետ, Սիմոնը պատասխանեց, որ հավաքների ժամանակ հանդիպել են, սակայն նրա սեռական կողմնորոշման մասին վերջերս են իմացել. «Եթե որևէ մեկն էլ իմացել է Դալուզյանի մասին, ապա ոչ ոք նրան թարս աչքով չի նայել։ Նա ինչ անում է՝ թող անի, ուր ուզում է՝ թող գնա, մեզ հետաքրքիր չէ ոչ նրա, ոչ էլ որևէ մեկի սեռական կյանքը կամ սեռափոխությունը: Եթե նա ինչ-որ սեռական խնդիր ունի, կամ հիվանդ է, ապա հիվանդությունը բուժում են, ոչ թե դրա մասին ֆիլմ նկարահանում»,-ասաց ծանրամարտիկը:

Մարտիրոսյանի խոսքերով, ամեն մարդ ունի իր կարծիքը և արտահայտվելու իր իրավունքը․ «Այո, գրառում եմ արել և իմ գրառման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Երևի իմ փոխարեն ուրիշ մարդ լիներ, այդքան արձագանք չստանար ու չքաղաքականացնեին. ոմանց երբեմն ինչպես ձեռք է տալիս, այնպես՝ ներկայացնում են»,-շեշտեց Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ծանրամարտի գործող չեմպիոնը՝ հավելելով՝ եթե իր արտահայտած կարծիքը չի համապատասխանում վարչապետի դիրքորոշման հետ, դա ամենևին էլ չի նշանակում, որ դեմ է կառավարությանը, թող ոչ ոք չփորձի իր գրառումն այլ կերպ մեկնաբանել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից