Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

«Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար»,- այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին: 

 

Ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե արդյոք ծանոթացե՞լ է Տեր-Պետրոսյանի հոդվածին և ինչպե՞ս կմեկնաբանի այն, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց.  «Այո, ինձ զեկուցել են այդ մասին: Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը:

 

Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված և միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորել թալանի մեղադրանքներով:

 

Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար: Այսքանը»:

  

Նույն շարքից