Տեսանյութեր Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին /տեսանյութ/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Դավիթ Սագանելիձեն նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը:

Հիմնադրամն աջակցում է նաև էներգետիկայի, լոգիստիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, անշարժ գույքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտների նախագծերին:

Նշվել է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի հետ քննարկվել են փոխգործակցության ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել փոխշահավետ գործակցությանն ուղղված ջանքերին:

«Ժամանակն է, որ մենք համատեղ նախագծեր իրականացնենք, մեկտեղենք մեր ուժերը, համատեղ և որակյալ որևէ արտադրանք ունենանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ այլ ոլորտում, և մտնենք նաև այլ երկների շուկաներ: Ժամանակն է, որ մենք՝ երկու հարևան ու բարեկամ երկրներս, ավելի ակտիվորեն զբաղվենք դրանով»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից