Հայաստան Քաղաքականություն 

Հանձնաժողովը գտնում է, որ Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ

analitik.am

Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին։

Հանձնաժողովը գտնում է, որ հարցն ունի քաղաքական, իրավական և բարոյական կողմ։

Զերծ մնալով հարցի վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականներից (հատկապես, որ դիմումատուն դատական հայց է ներկայացրել դատարան)՝ հանձնաժողովն իր դիրքորոշումն է արտահայտում հարցի բարոյական կողմի վերաբերյալ։

Հանձնաժողովը գտնում է, որ Ս.Սաֆարյանի առանձին արտահայտություններ (օրինակ՝ լրագրողներին «պոռնկախումբ» անվանելը, լրատվամիջոցի ներկայացուցչի հրավերը «սաունա հրավիրելու» հետ համեմատելը) անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ: Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից։

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում առհասարակ հանրային և քաղաքական դիսկուրսում, սոցիալական ցանցերում առկա ոչ նորմատիվ խոսքի, ատելության և անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։

Հանձնաժողովը հորդորում է հասարակության բոլոր անդամներին հանրային քննարկումներում ու բանավեճերում տեսակետ և դիրքորոշում արտահայտելիս լինել զուսպ, պահպանել հաղորդակցման էթիկայի նորմերը, զերծ մնալ վիրավորանքից, ատելության խոսքից և ագրեսիվ հռետորաբանությունից, հիշել, որ բանավեճը պետք է նպաստի խնդիրների լուծմանը, ոչ թե դրանց խորացմանն ու նորանոր խնդիրների առաջացմանը:

Հանձնաժողովը գտնում է, որ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը պետք է լինի մեր երկրի առաջնահերթ խնդիրներից: Այդ առումով լուրջ դերակատարություն ունեն թե՛ քաղաքական ու հանրային գործիչները և թե՛ լրատվամիջոցները:

Հանրային խորհրդի

քաղաքացիական հասարակության զարգացման

հարցերի հանձնաժողով

Նույն շարքից