Հասարակություն 

Ինչու են Վրաստանում նույնասեռականների ֆիլմից անցել քաղաքականության․ Պարզաբանում է վրացագետը

analitik.am

Թբիլիսիում և Բաթումիում տեղի է ունենում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցեր, կան ձերբակալվածներ: Ֆիլմը նվիրված է վրացական պարի համույթի մենակատարների սիրավեպին:

Հանրահավաքի հիմնական մասնակիցները, ըստ վրացական լրատվամիջոցների, ծայրահեղ ազգայնականներն ու հոգևորականներն են:

Analitik.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոննի Մելիքյանը պարզաբանել է, թե ինչու ֆիլմի դեմ բողոքի ակցիաները վերածվեցին քաղաքական ցույցերի։

Նա նշեց, որ որևէ կապ չկա ֆիլմի դեմ բողոքողների և այժմ Թբիլիսիի փողոցներում քաղաքական պահանջներ ներկայացնող ցուցարարների միջև՝ ուղղակի համընկել է:

Ըստ նրա, բնակչության զգալի մասը պահպանողական են, և դուրս են եկել ֆիլմի դեմ, սակայն մի քանի օր անց այդ ընդվզումը վերափոխվել է բողոքի ցույցերի, որն արդեն կապված է օրենսդրական բարեփոխումների հետ:

«Մի քանի պահանջ կա: Կառավարությունը հրաժարական տա, ժամանակավոր կառավարութուն ձևավորվի և անցում կատարվի համամասնական 100 տոկոսանոց ընտրությունների: Ցուցարարները պահանջում են նաև, որ տեղի ունենան վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, ինչն իշխանությունների համար անընդունելի է»,-ասաց Մելիքյանը:

Վրացագետի խոսքով, ցուցարարները դժգոհ են «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլիից, քանի որ նա նախընտրական խոստում էր տվել, որ իշխանություններն ավարտելու են ընտրական բարեփոխումը:

Երկու օր առաջ խորհրդարանում ընտրական բարեփոխման նախաձեռնությունը տապալվեց:

Բացի նախընտրական շրջանում բարեփոխումների խոստումներից, Մելիքյանը նշեց, որ Բիջձինա Իվաիշվիլին նաև ամռանն էր խոստացել ցուցարարներին ընտրական փոփոխություններ, սակայն դեռևս 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների Վրաստանը չի անցել:

Վրացագետը նաև հիշեցրեց, որ 2020 թվականի հոկտեմբերին Վրաստանում ընտրություններ են, և ընդիմադիրների կողմից նոր ձևով ընտրություններ անցկացնելու պահանջ կա:

«Օրենսդրական նախաձեռնության տապալումը վրդովվեցրել է հանրությանը: Բոլոր ընդդիմադիր ուժերը և գործիչները միավորվել են ու փորձում են քաղաքական գործընթացներով հասնել վաղաժամ ընտրությունների և կառավարության հրաժարականի»,-ասաց վրացագետը:

Հարցին, թե ինչ դեր կատարեց քաղաքական պահանջների համատեքստում նույնասեռականների պատմությանը նվիրված ֆիլմը, ասաց, որ ֆիլմի դեմ բողոքները և այն, ինչն այսօր կատարվում է Վրաստանում միմյանց հետ կապ չունեն. այսօրվա գործընթացները երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունն են:

Նա նաև շեշտեց, որ Թբիլիսիի փողոցներում բողոքի ցույցերի մասնակիցները նպատակաուղղված են քաղաքական գործընթացներով հասնել իրենց նպատակին:

«Վրաստանում փոփոխությունները կապված կլինեն նրա հետ, թե ինչ բողոքի ալիք կլինի: Այդ ալիքի մասշտաբները կավելանան, թե կնվազեն՝ այս պահին դժվար է ասել, սակայն դեռևս ծայրահեղ վիճակ չէ, և ծայրահեղ զանգված չկա»,-ասաց Մելիքյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից