Հասարակություն 

Հորեղբայրը դուռը ծեծել է՝ չեն բացել, ջարդել մտել է ներս և տեսել, որ բոլորը մահացած են․ Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հարևանը մանրամասներ է պատմել

analitik.am

Օրերս Նոր Հաճնում ոստիկաններն ու քննիչները բնակարաններից մեկում հայտնաբերել են տան բնակիչներ 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Ընտանիքի անդամները մահացել են շմոլ գազից:

Երեխաների ծնողներն ամուսնալուծված են, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։

Analitik.am-ի հետ զրույցում ընտանիքի հարևան Համբարձումն ասաց, որ փոքրուց անչափահաս թոռնիկներին պահել է տատիկը, իսկական հերոս տատիկ էր, նա էր երեխաներին խնամում, քանի որ ծնողները բաժանված էին:

«Երեխաները մեր կողքի բակից են։ Սերինեն աղջկաս դասարանից էր։ Աղջիկս ասում էր, որ նա շատ լավ էր սովորում, ու չէր էլ զգացվում, որ մայրը հետները չի բնակվում»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտանիքին հորեղբայրն էր օգնում, տղաներից Տիգրանը գիշերային հերթափոխով աշխատում էր փոքրիկ բիստրոյում և այդ օրը նրա ոչ աշխատանքային օրն է եղել, եթե աշխատանքի լիներ՝ կփրկվեր:

Համբարձումը նշեց, որ հորեղբայրը տղաներին հետը տանում էր, որ արհեստ սովորեն, և դեպքի նախորդ օրը, ուշ երեկոյան նա տղաներին ուղարկել է տուն, և դեպքը եղել է ժամը 12-ից հետո․ «Այդ օրը ժամը մեկին հորեղբոր հետ պետք է տղաներից մեկը հանդիպեր, գնային ինչ-որ գործ անեին: Զանգահարել է`չի վերցրել, եկել դուռը ծեծել է`ոչ ոք չի բացել, դուռը ջարդել մտել է ներս և տեսել է, որ բոլորը մահացած են: Տղաներին գտել են բաղնիքում, իսկ ննջարանում՝ տատիկին և աղջիկներին. անկողիններում մահացած»,-ասաց նա:

Հարցին, թե խոսակցություններ կան, որ ընտանիքը սեփական բնակարան չուներ, ու կիսախարխուլ տանն էր բնակվում, Համբարձումն ասաց, որ ընտանիքն իր սեփական բնակարանն ուներ՝ երկու կամ երեք սենյականոց, թեև վերանորոգված չէր, սակայն իրենց սեփականությունն էր:

«Տիգրանն ու Ժաննան գիշերօթիկ էին գնում։ Վերադարձան տուն, երբ գիշերօթիկը փակվեց: Ամեն դեպքոմ գիշերօթիկ փակելը սխալ է: Այս երեխաները քչից-շատից ապահովված են, սակայն կան էլ ավելի վատթար վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց երեխաներին գիշերօթիկն անհրաժեշտ է»,-շեշտեց Համբարձումը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից