Հասարակություն 

Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն. Վահագն Վարագյան

analitik.am

Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մտավորականների չի կարող երկխոսել, եթե չի կարողանում պահպանել բարեկրթության տարրական կանոնները:

Սուպերնախարարի պաշտոն վարող պարոն Հարությունյանը պետք է գիտակցի, որ դիմացը սերունդներ կրթած, կոպեկներով դասախոսական աշխատանք վարող, հայագիտության գիտելիքը կրող և փոխանցող մարդիկ են, որոնց հետ երկխոսելիս պարտավոր է գոնե բարեկրթության տարրական կանոնները պահպանել:

Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ երկրում չկա այլ մտավորականություն, որ եղածներին «զորացրի», իր ուզածներին բերի: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ իր հետ քայլածների և իրեն ծափահարողների շարքերում չկան դասախոսներ, որ եղած դասախոսներին աշխատանքից ազատի և քայլածներին դասախոս նշանակի:

Պարոն սուպերնախարարը պետք է գիտակցի, որ նույնիսկ սովետական տոտալիտար համակարգի բյուրոկրատիան է հարգալից վերաբերմունք ունեցել մտավորականության հանդեպ, և նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը չի կարողացել իրեն ենթարկել մտավորականությանը: Եթե պարոն սուպերնախարարը ցանկանում է երկխոսել, ապա պարտավոր է տարրական հարգանք ցուցաբերել իր երբեմնի գործընկերների հանդեպ: Առանց հարգանքի երկխոսություն չկա: Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, ամեն գնով սեփական ճիշտն առաջ տանելու մարտավարությունն ու քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն, առավել ևս` երբ խոսքը վերաբերվում է ակադեմիական շրջանակներին: Եվ, ինչ խոսք` համբերություն եմ մաղթում համալսարանականներին: Բարդ շրջան է, բայց սա էլ կանցնի...

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյան

Նույն շարքից