Հասարակություն 

Բազմանդամ ընտանիք են. 6 տղա և 1 աղջիկ. Չորաթանի ղեկավարը՝ օրերս վիրավորված զինվորի մասին

Երկու օր առաջ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է զինծառայող Աբրահամ Սադյանը, նրա ոտքը անդամահատել են ծնկից ներքև, այժմ Ստեփանակերտի հոսպիտալում է: Վիճակը լավ է: Այս մասին Analitik.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Աբրահամ Սադյանը Տավուշի մարզի Չորաթան համայնքից է: Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն Analitik.am-ին ասաց, որ Աբրահամը բազմանդամ ընտանիքի զավակ է, ընտանիքում 7 երեխա կա. 6 տղա են և մեկ աղջիկ:

Նա նաև նշեց, որ տղայի վիճակ նորմալ է, ինքը և Բերդ խոշորացված համայնքի ղեկավարն այցելել են Սադյանների տուն:

«Աբրահամի ծնողներն այժմ Ստեփանակերտում են: Մենք ենք ծնողներին օգնել, որ գնան: Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը դրամական օգնություն է տրամադրել ընտանիքին»,-ասաց նա և հավելեց, որ առաջինն իրեն են զանգել լուրը հայտնել, համայնքի ղեկավարն էլ այդ պահին Չորաթանում էր ու այցելել են Սադյաններին:

Նա նաև ասաց, որ անընդհատ կապի մեջ են եղել Արցախի հետ, իրեն փոխանցել են, որ ոտքը պահպանելու հնարավորություն չի եղել, սակայն Աբրահամի հետ անձամբ չի խոսել:

«Աբրահամին Մարտակերտում վիրահատել են, հետո տարել Ստեփանակերտ: Աբրահամին լավ եմ ճանաչում, մեր համայնքի բնակիչ է, մեր լավ երեխեն է, ընտանիքն էլ հրաշալի ընտանիք է»,-ասաց Չորաթանի ղեկավարը:

Հարցին՝ արդո՞ք Աբրահամ Սադյանի դեպքն առաջինն էր Չորաթանում, Բաղմանյանն ասաց, որ Չորաթանը սահմանամերձ գյուղ է, տարբեր դեպքեր լինում են:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից