Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պատվով կրել եմ 3,5 տարվա անազատությունը, նույն խցում եմ եղել օրենքով գողի հետ, շատ մտերիմ քրեական հեղինակություններ ունեմ. Արման Բաբաջանյան

analitik.am

Սա այն օրենքն է, որը պետք է անվերապահ աջակցության արժանա, այն պետք է մեկ քայլ առաջ տանի հեղափոխության տրամաբանությունը և հեղափոխության առաջնորդի խոստումը: Այս մասին խորհրդարանում, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Բաբաջանյանի խոսքերով, անկախության առաջին տարիներին փորձ արվեց արմատախիլ անել քրեական շրջանակները, ինչը մասամբ հաջողվեց, սակայն 97-98 թվականներին Քոչարյանն իշխանության եկավ՝ իր համար որպես քաղաքական հենարան դարձնելով ազգայնական կուսակցություններից մեկին. «Իսկ քրեական աշխարհը ռուսաստաններից բերեց ու դարձրեց իր համար սոցիալական բազա, նրանց ընդգրկեց ընտրական գործընթացների մեջ: Այդ տարիներից ազգայինն ու կրիմինալը միախառնվեցին՝ դառնալով քոչարյանական ու սերժսարգսյանական վարչակարգերի հիմնական հենարանը»:

Պատգամավորը հայտարարեց, որ քրեական աշխարհը սերտաճած է եղել ու շարունակում է սերտաճած մնալ տնտեսական կյանքին, առաջին հերթին՝ խոշոր կապիտալին:

Բաբաջանյանը խոսեց նաև ազատազրկված լինելու մասին՝ հայտարարելով, որ պատվով կրել է 3,5 տարվա անազատությունը, մի քանի ամիս նույն խցում է եղել օրենքով գողի հետ, շատ մտերիմ քրեական հեղինակություններ ունի, որոնք իր հետ մտերմացել են անազատությունից հետո. «Չեմ հանդիպել գեթ մեկ օրենքով գող, հեղինակություն, ով ցանկացել է, որ իր երեխան այդ կյանքով ապրի ու այդ նույն հետագիծն ունենա: Սա ամենախոսուն պատգամն է՝ արմատախիլ անելու այդ շրջանակներն ու տրամադրությունները»:

Նույն շարքից