Հայաստան Քաղաքականություն 

Եթե շրջանառվող լուրերի անգամ մեկ տոկոսը հաստատվի, սա աննախադեպ քրեական սկանդալ է լինելու. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեղավոր ենք բոլորս

Իմ լրագրողական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ Հայաստանում երեխաների որդեգրման խնդիրներին, որտեղ բազմաթիվ հարցականներ ու կրիմինալ գործարքների համար սողանցքներ կան: Օրերս ԱԱԾ-ն հերթական սկանդալային հայտարությունն արեց, որ Իտալիայի քաղաքացիները, մեր օրենսդրության կոպտագույն խախտմամբ, 30 երեխա են որդեգրել և երկրից տարել:

Այս խայտառակ պատմության մեջ արդեն իսկ շրջանառվում են կոնկրետ մանկատների և ծննդատների անուններ: Ավելին, մամուլում տեղեկություններ կան, որ որոշ ծննդկանների ստիպել են հրաժարել երեխայից, կամ՝ վերջիններս կաշառքի դիմաց հրաժարվել են իրենց երեխայից։

Ու եթե շրջանատվող լուրերի անգամ մեկ տոկոսը հաստատվի, սա աննախադեպ քրեական սկանդալ է լինելու: Տարիներ շարունակ խոսել ենք որդեգրման գործընթացի բացերի և կասկածելի պատմությունների մասին, որոնք պարբերաբար հայտնվում էին մամուլում և «անզգուշաբար վրիպում» իրավապահների ուշադրությունից:

ԱԱԾ-ն, իր հայտարարությունից հետո, կարծում եմ, այս պահին որոշակի տեղեկատվություն պիտի տրամադրի օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների ճակատագրի մասին, իսկ այս խայտառակ քրեական սկանդալի որևէ մասնակից անպատիժ չպիտի մնա:

Ավելին, ես որպես պատգամավոր, փորձագետների հետ քննարկում եմ երեխաների հետ կապված հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը խստացնելու հարցը և առաջիկայում Քրեական Օրենսգրքում կառաջարկեմ փոփոխություններ:

Մենք խոսում ենք երեխայի հանդեպ մեր բացառիկ վերաբերմունքի մասին, սակայն տարիներ շարունակ մեր քթի տակ, օրենքը ոտատակ տալով, երեխա են երկրից դուրս տարել ու մենք չենք իմացել: Մեղավոր ենք բոլորս»:

Նույն շարքից