Ֆրանսիան Երևանին և Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը շիկացնող գործողություններից՝ դա համարելով առաջին և կարևոր նախապայման բանակցային գործընթացի շարունակության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Նա հիշեցրեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներում հստակ ամրագրված է, որ անթույլատրելի է ուժի և դրա սպառնալիքի կիրառումը:
Դեսպանն անդրադարձավ Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, ըոտ որի՝ Ֆրանսիան պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` փոխվստահության մթնոլորտ հաստատելու նպատակով: Ըստ նրա՝ երբ կողմերը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր կողմից արած առաջարկի իրականացման անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծի: «Կողմերին կոչ արվեց որդեգրել կեցվածք, ինչը հնարավորություն կտա քաղաքական տեսանկյունից համապատասխան որոշում կայացնելու՝ ի նպաստ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Խոսքը այն միջոցների կիրառման մասին է, որոնք պետք է մեղմեին լարված վիճակը, որպեսզի բանակցային գործընթացն ունենար իր տրամաբանական շարունակությունը: Հենց այս ոգուն համահունչ Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց հյուրընկալելու երկու երկրների նախագահներին, ձեռնամուխ լինելու բանակցվությունների շարունակմանը: Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ կլինեն հանդիպելու, Ֆրանսիան պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները` իր առաջարկը կյանքի կոչելու համար»,- նշեց Անրի Ռենոն:
Ըստ նրա՝ Օլանդը նման հայտարարություն արեց` հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին:
Նա հավատում է, որ կողմերը վերջապես խաղաղ լուծման տարբերակին կհանգեն, քանի որ ԼՂ հակամարտությունն, ըստ նրա, այլ լուծում չունի:
Շփման գծում հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ հարց հնչեց, թե ինչո՞ւ հստակ չի նշվում այն կողմը, ով խախտում է հրադադարի ռեժիմը և մի՞թե դա չի հանգեցնում այն բանին, որ հրադադարի խախտման դեպքերն ավելի պարբերական են դառնում: Հարցին ի պատասխան դեսպանը նշեց. «Հասկանում եմ ձեր հարցը, բայց դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն: Դիվանագիությունը, ինչպես մարդկային կազմակերպված ցանկացած կանոններ, ի կատար ածվելու համար կան հստակ կանոններ: Հենց այս սահմանված կանոնները պահպանելով է, որ քաղաքական բարձրաստիճան այրերն արտահայտում են իրենց կարծիքը: Կան խաղի կանոններ, որոնք ընդունված են բոլոր երկրների կողմից, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ-ի»:
Հիշեցենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն Օլանդի առաջարկությանն ի պատասխան հայտարարեց, որ Փարիզից սպասում է առավել կոնկրետ առաջարկության Փարիզից: Սակայն, թե ինչ կոնկրետության մասին է խոսքը, չասվեց:
Նշենք, որ ասուլիսն հրավիրված էր Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով: