Քաղաքականություն 

Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա /ֆոտո/

analitik.am

Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում, հաղորդում է Econews.am-ը:

«Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան ուշեղ վնգստոց, այնուհետև մոտեցել և տեսել են արյունահոսող կենդանուն: Շունը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի է ունեցել։

EcoNews.am-ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են․ «Նոյեմբերի 16-ին, ժամը 17։10 քաղաքացուց ստացել ենք ահազանգ, որ Վարդանանց 22 հասցեում շան են կրակել։ Այս պահին ահազանգով ստուգողական գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն իր գործողություններով կստուգի բոլոր հանգամանքները»։

Հիշեցնենք, որ բնակավայրում և դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով նաև մարդկանց համար, ինչպես նաև հանդիսանում է հասարակական կարգի խախտում և հանրային անվտանգության խնդիր:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կենդանին այժմ գտնվում է «Վետ լայն» կենդանաբուժական կլինիկայում: Շանն այնտեղ ռենտգեն հետազոտության են ենթարկել, որի վրա ակնհայտ երևում է կրակոցի հետքը: Փամփուշտը դիպել է անմիջապես կենդանու ողնաշարին, ինչի հետևանքով շան հետագա ճակատագիրն այժմ անհայտ է:

Ընդգծենք, որ բացի հրազենի ապօրինի կիրառման, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, հանրային անվտանգության և հասարակական կարգի խախտման դեպքի, վտանգի տակ է դրվել հարակից տարածքում գտնվող մարդկանց առողջությունն ու կյանքը, ինչպես նաև վնասվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված կենդանին, որի վրա համայնքային բյուջեից գումար է ծախսվել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրազենի ապօրինի կիրառմամբ Երևանի «Արարատյան Մասիվ» կոչվող տարածքի 116 դպրոցի բակում կրակել և սպանել են 3 շան: Ընդգծենք, որ ստեղծված իրավիճակն ու տեղի ունեցող իրադարձություններն առաջին հերթին վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար: Դեպքերը սկսել են կրել պարբերական բնույթ, ուստի կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը լինել հնարավորինս խիստ և հետևողական նշված հարցերում»,-գրում է լրատվամիջոցը:

Նույն շարքից