Հասարակություն Տեսանյութեր 

«ՎԵՏՕ»-ականները «Սորոսի» գրասենյակի մոտ դդմագույն ծուխ նվիրեցին ԿԳՄՍ նախարարությանը

analitik.am

«Սորոսի» գրասենյակի մոտ մեկնարկել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիան: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքերով, նպատակ ունեն ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սորոսականներից, որոնք պատանդ են վերցրել վերջինիս:

Տեղում մեծ թվով ոստիկաններ կան, ովքեր փակել են դեպի գրասենյակ տանող ճանապարհը: Քանի որ ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ գրասենյակին, շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ելույթ ունեցավ հեռվից:

Իսկ ելույթից հետո «ՎԵՏՕ»-ականները դդմագույն ծուխ արձակեցին:

Լրագրողների հետ զրույցում Մալյանը հայտնեց, որ դդմագույն ծուխը նվիրում են ԿԳՄՍ նախարարությանը. «Այդ դդմագույն ծուխը խորհրդանշում էր մեր կրթության, մշակույթի ոլորտում առկա վիճակը»:

Մալյանը հայտնեց, որ պատրաստ է թակել բոլոր դռները, նույնիսկ՝ իշխանական. «Ես պատրաստ եմ թակել անընդհատ, վռնդվել, նորից թակել: Հիմա այնպիսի վիճակ է, որ չկա նահանջի տեղ, հետևում անդունդն է: Այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ ուսանողներ են ակցիա անում, ցրտին գիշերում են այնտեղ, սիրտս մղկտում է, որ տեսնում եմ: Իսկ մեր ակցիան թող ինչ-որ կերպ աջակցություն լինի այդ երեխաների մաքուր պայքարին»:

Մալյանը հայտարարեց, որ պատրաստ են օգնել իշխանություններին ազատվել «Սորոսի» գրասենյակից. «Առաջին քայլն արդեն կա, հանրային գիտակցության մեջ արդեն փոփոխություն կա այս գրասենյակի նկատմամբ վերաբերմունքից: Նույնիսկ ոստիկանները նախկինի նման խանդավառությամբ չեն կանգնում այստեղ»:

Նույն շարքից