Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ ԱԻՆ փոխնախարարը ժամանել է Հայաստան

analitik.am

Նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը դիմավորել է իր գործընկեր Նիկոլայ Գրեչուշկինին և ուղեկցել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը զբաղեցնում է 17,5 հեկտար տարածք և հագեցած է գերժամանակակից, հումանիտար արձագանքման, փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայով, կինոլոգիական, լեռնագնացների ուսուցման համար նախատեսված ենթակառուցվածքներով, այլ անհրաժեշտ պարագաներով:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի ճգնաժամային կառավարման կենտրոնում փոխնախարարներ Արկադի Բալյանին և Նիկոլայ Գրեչուշկինին ներկայացվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, հնարավորությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

Այս տարվա ընթացքում կենտրոնի ուժերով՝ տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել են բազմաթիվ փրկարարներ, իրականացվել են հայ-ռուսական համատեղ վարժանքներ, Իրան և Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն:

Արկադի Բալյանը նշեց, որ հատկապես այս տարի գրանցված աննախադեպ անտառային հրդեհների ժամանակ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հստակ տեղորոշվում էին հրդեհի օջախները, որը հրշեջ-փրկարարներին թույլ էր տալիս ավելի արդյունավետ գործել:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնի տարածքում այս տարի իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, գնվել է նոր տեխնիկա:

Կենտրոնի տարածքի պարսպապատման աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, կառուցվել են ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ, փրկարարների համար նախատեսված մի քանի վարժահրապարակներ, նյութական միջոցների պահպանման համար նախատեսված նոր պահեստներ:

Ռուսական կողմը այս տարվա ընթացքում շարունակել է հագեցնել կենտրոնի տեխնիկական բազան:

Փոխնախարարները շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացան ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը:

Նույն շարքից