Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ որպես Իտալիայի խոշոր ֆինանսատնտեսական, արդյունաբերական կենտրոնի զարգացման ծրագրերը։ Ջուզեպպե Սալան խոսել է, մասնավորապես, քաղաքային զարգացման, նորարարությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին և մանրամասներ ներկայացրել քաղաքում հանրային տրանսպորտի բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Միլան այցը, որն Իտալիայի ֆինանսական, տնտեսական, մշակութային կարևորագույն կենտրոններից է։ ՀՀ վարչապետը ողջունել է Միլանի զարգացմանը միտված ծրագրերը և նշել, որ Հայաստանը և մայրաքաղաք Երևանը հետաքրքրված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համատեղ նախաձեռնություններով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ փորձի փոխանակումը և համատեղ քննարկումները։ Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է 2020 թվականի հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Երևան-Միլան-Հռոմ չվերթի գործարկման կարևորությանը, որը կխթանի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական, գործարար, մշակութային, զբոսաշրջային և մարդկային կապերը, կամրապնդի քաղաքական հարաբերությունները։

Հայաստանի վարչապետը և Միլանի քաղաքապետը կարևորել են Միլանի հայ համայնքի դերակատարությունը Հայաստան-Իտալիա հարաբերությունների ամրապնդման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարների շուրջ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից