Հասարակություն 

Հնարավո՞ր է Իջևանում ևս հովազ ունենանք. Պարզաբանում է մասնագետը

analitik.am

Նոյեմբերի 18-ին հաղորդագրություն տարածվեց, որ Իջևանի բժշկական կենտրոն է ընդունվել խորը ճանկռվածքներով մի տղամարդ։ Նա ասել է, որ անտառում իր վրա հովազ է հարձակվել:

Analitik.am-ի հետ զրույցում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավորների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը պարզաբանել է արդյո՞ք Իջևանում կամ հարակից տարածքում հնարավոր է հովազ լինի:

Նա նշեց, որ հենց այս պահին մեկնում են Իջևան՝ տեղում մանրամասների մասին տեղեկանալու և հավաստիանալու արդյոք տղամարդու վրա հարձակված կենդանին հովազ է:

Մասնագետը տեսականորեն չբացառեց հովազի գոյությունը Ենոքավան համայնքի անտառներում, սակայն փաստը, ըստ նրա, հետաքրքիր է նրանով, որ այս տարածքներում վերջին անգամ հովազ հանդիպել է 70-80 տարի առաջ:

«Ադրբեջանում հովազ կա, սակայն Ենոքավանի հետ սահմանակից ադրբեջանական հատվածներից հովազը հեռու է գտնվում: Չի բացառվում, որ այս  կենդանին հովազ լինի: Հովազը երկար ճանապարհ է անցնում, նաև շատ զգույշ կենդանի է: Պետք է պարզենք հովազ է, թե հովազ չէ. դա էլ է հետաքրքիր»,-ասաց Ղասաբյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ վայրի կատու կամ լուսան լինի, ասաց, որ վայրի կատուն նման բան չէր անի, և չի բացառվում նաև, որ լուսան լինի․ «Չենք էլ կարող ասել, որ հովազ չի եղել, ամեն ինչ հնարավոր է։ Այժմ մասնագետները տեղում են, ֆոտոթակարդներ են տեղադրում, հետազոտելու են տարածքը»,-ասաց նա:

Ղասաբյանի խոսքերով մի քանի վարկած կա, սակայն պետք է ուսումնասիրել․ «Կարևոր են հետքերը, եթե լավ պահպանված հետքեր լինեն, մասնագետները կասեն, թե ինչ կենդանի է»:

Նա նաև հաղորդեց, որ հարձակման ենթարկված տղամարդու ստացած վերքերից էլ կարելի է որոշակի եզրահանգումներ անել՝ վերքերի խորությունից, մեծությունից, պատռված հագուստից․ «Մինչև լուրջ չուսումնասիրվի՝ չի կարելի ոչինչ հստակ ասել»,-շեշտեց մասնագետը:

Նշենք, որ 1972 թվականին խորհրդային իշխանություններն արգելել են Հայաստանում ընձառյուծի կամ հովազի  որսը: Իսկ արդեն  1978-1987 թվականներին մասնագետները հաշվառել են ավելի քան 20 առանձնյակ: Այժմ կենդանին գրանցված է ՀՀ և միջազգային Կարմիր գրքերում:

Մինչեւ 1970-ականների սկիզբն ընձառյուծ հանդիպել է Հարավային Հայաստանում և՛ Իջևանի և՛ Բերդի տարածքում:

2002 թվականից Բնության համաշխարհային հիմանդրամի հայաստանյան գրասենյակն իրականացնում է հովազի կամ ընձառյուծի պահպանության ծրագիր: Հայաստանում մոտ 13 առանձնյակ կա: Հովազի վերջին որսագողության դեպքը ֆիքսել են 2009 թվականին:

Ի դեպ, այս տարի հայտարարված է հովազի տարի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից