Քաղաքականություն 

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին անվանեց չարիք, բայց…

analitik.am

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ պոպուլիստ է…

Ելույթ ունենալով Միլանի Հայ առաքելական եկեղեցում հավաքված տեղի հայության առաջ և պատասխանելով վերջիններիս հարցերին` պարոն Փաշինյանը հայտարարեց. «Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար… Այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թ-ից և որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը…»:

Հիշեցնեմ, որ 1996 թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները շատերը համարում են կեղծված՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի, որի արդյունքում Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը ավելի սրվեց և հանգուցալուծվեց 1998 թ-ի փետրվարի 3-ին պարոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով…

Ստացվում է՝ Հայաստանի վարչապետը ևս 1996 թ-ի նախագահական ընտրությունները համարում է կեղծված, իսկ պարոն Տեր-Պետրոսյանին դասելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շարքը` համարում է չարիք…

Այս հայտարարությունն այնքանով է տարօրինակ, որ պարոն Փաշինյանն անվանեց չարիք մեկին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ում թիմի բազմաթիվ ներկայացուցիչներին և մոլի երկրպագուներին բավական բարձր պաշտոնների է նշանակել իր ղեկավարած կառավարությունում և օրենսդիր մարմնում…

Էլ չասեմ, թե Լևոն Հակոբիին սպասարկող ԶԼՄ-ները, լրագրողները և երկրպագողները ինչ մեծ օժանդակություն են ցույց տալիս պարոն Փաշինյանի կառավարությանը լրատվական և սոցցանցերի հարթակներում…

Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը (նախկին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյան որդին է), ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը (ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է) և շատ այլ ՀՀՇ-ականներ և ՀԱԿ-ականներ կամ նրանց մոտ կանգնած անձինք, ովքեր Տեր-Պետրոսյանի շնորհիվ բավական բարձր դիրքեր են զբաղեցնում Փաշինյանի կառավարությունում համաձայն են վարչապետի այն կարծիքի հետ, որ 1996 թ-ի ընտրությունները կեղծված են եղել, իսկ ՀՀ առաջին նախագահն էլ՝ չարիք է…

Իսկ պարոն Փաշինյանն, ինչպես միշտ, իրեն չդավաճանեց. նա չի հրաժարվում իր երկակի ստանդարտներից… Ստացվում է՝ նրա համար կան յուրային «չարիքներ», որոնց հետ նա այժմ համագործակցում է՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների, և անընդունելի «չարիքներ»՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և մասամբ՝ Սերժ Սարգսյանի…

Իսկ այդպիսի տարանջատումը և երկակի ստանդարտները «չարիքաբանագետ» Փաշինյանի համար կարող են ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ, քանի որ ոչ միայն անընդունելի, այլև յուրային «չարիքները» չեն վստահի իրեն՝ հարմար պահին ձերբազատվելով իրենց չարիք համարողից…»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից