Քաղաքականություն 

Ավինյանը ժպիտով է արել «Վերնատան» մասին հայտարարությունը, իսկ Արայիկ Հարությունյան հրաժարականի համար հիմքեր չկան. Սիմոնյան

analitik.am

Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հիմքեր չկան, իսկ հրաժարականի պահանջի մեջ կան քաղաքական դրդապատճառներ: Առավել ևս, որ ԿԳ (նկատի ունի՝ ԿԳՄՍ նախարար) նախարարի և դասախոսների միջև վերջին հանդիպումից հետո կարծիքները փոխվել են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, վերոնշյալ հանդիպման, քննարկման ժամանակ հանրությունը տեսել է իրականությունը, այլ ոչ թե այն, ինչ փորձում են տարբեր միջոցներով հրամցնել քաղաքացիներին:

Սիմոնյանը խոսեց նաև արտախորհրդարանական ընդդիմության ու մասնավորապես «Վերնատուն» ակումբի մասին. «Ես գտնում եմ, որ պետք է լինի շատ ուժեղ ընդդիմություն, սակայն, ցավոք, ես չեմ կարողանում գտնել այդ ընդդիմադիրներին անցյալում: Այդ մարդիկ ունեցել են հնարավորություն՝ անելու այն, ինչի մասին հիմա խոսում են, սակայն չեն արել: Այսօր ընդդիմությունն այն մարդիկ ենք, ովքեր ճանաչում են ՀՀ քաղաքացուն: Իսկ «Վերնատունը» ես ընդդիմության կերպար չեմ համարում ու կարծում եմ, որ մեր քաղաքացիներն էլ այդ կարծիքն ունեն»:

Սիմոնյանը կարծում է, որ «Վերնատուն» ակումբի ետևում կանգնած են մարդիկ, ովքեր կարող են իրենց հետ սակարկման մեջ մտնել և ինդուլգենցիաներ ստանալ, սակայն որևիցե մեկն ինդուլգենցիա չի ստանալու, թող անիմաստ տեղը փող չծախսեն:

Դիտարկմանը, որ փոխվարչապետի կարծիքով «Վերնատունը» թարմություն է բերելու քաղաքական դաշտ, Սիմոնյանը կարծիք հայտնեց, թե դա ժպիտով ասված հայտարարություն է եղել:

Սիմոնյանը նաև հերքեց, որ կապ ունի քրեական հեղինակությունների հետ, որոնց մասին խոսել էր Դավիթ Սանասարյանը. «Ալեն Սիմոնյանն ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների հաշվին չէ, որ պետք է ձայն հավաքեր»:

Նույն շարքից