Հասարակություն 

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պայթում է

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում կրքերը շարունակում են լարված մնալ, և ընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը: ՀԷՑ-ի աշխատակիցները մի քանի օր է բողոքի ակցիաներ են անում, քանի որ Ե. Բիբինը մտադրություն ունի լուծարել Խոշոր սպառողների դեպարտամենտն իր 41 աշխատակիցներով:


Ակցիային մասնակցած աշխատակիցները երեկ մեզ հետ զրույցում պատմեցին, որ Ե. Բիբինը շաբաթվա սկզբին եղել է Մոսկվայում և փորձել է այդ կառույցի լուծարման համաձայնությունը ստանալ, ինչը, սակայն նրան դեռ չի հաջողվել: Տեղեկացնենք, որ Խոշոր սպառողների էլեկտրամատակարարումը սպասարկող կառույցի համակարգման ներքո են Երևանում գտնվող մոտ 5000 տնտեսվարող սուբյեկտներ՝ «Նաիրիտը», «Ալյումինի գործարանը», հյուրանոցներ և արտադրական ու սպասարկման ոլորտի հազարավոր օբյեկտներ, հիվանդանոցներ և այլն: Այդ կառույցի համակարգման ներքո են նաև բոլոր պետական գերատեսչությունները` սկսած նախագահականից, նաև մոտ 5000 բնակիչ-բաժանորդներ: Աշխատակիցները տեղեկացրին, որ իրենց սպասարկած օբյեկտները սպառում էին Երևանի սպառած ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը, որը բացարձակ թվով տարեկան կազմել է մոտ 17 մլրդ դրամ:

Նրանք նաև պատմեցին, որ մոտ 10 տարի առաջ խոշոր սպառողների համակարգում էլեկտրաէներգիայի կորուստը եղել է 15-18 տոկոս, այժմ, սակայն, այն կազմում է ընդամենը 2,5 տոկոս, ինչը էներգեբաշխման ոլորտում կարող է համարվել բացառիկ լավ ցուցանիշ: Իսկ ընդհանուր ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի կորուստը կազմում է մոտ 13 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ է: Նրանք վստահ են, որ Ե. Բիբինը ցանկանում է իրենց դեպարտամենտի սպասարկման ներքո գտնվող օբյեկտները բաժանել Երևանի երեք մասնաճյուղերի վրա, որպեսզի իրենց գրանցած բարձր արդյունքը տեղաբաշխվի, ու այդ ճյուղերում արձանագրված բարձր կորուստը նվազի մինչև 8-9 տոկոս: Այդպիսով ընկերության գործադիր տնօրենը ոչ թե իրական կորուստները նվազեցնելով, այլ նման հնարքով, փաստորեն, կկարողանա էլեկտրաէներգիայի կորստի ընդհանուր նվազում ցույց տալ:

Նրանք չեն հավատում Ե. Բիբինի այն խոստումներին, թե իրենց աշխատանքից չեն ազատի ու այլ մասնաճյուղերում գործ կտան: Պատմեցին, որ ՀԷՑ-ի նախկին բազմաթիվ աշխատակիցների նա ազատել է՝ խոստանալով մեկ-երկու ամիս հետ նորից ընդունել ու այդպես էլ չի կատարել խոստումը: Եվ այսօր իրենց հետ Ե. Բիբինի հեռացման համար պայքարում են նաև խաբված աշխատակիցները: Նրանք նաև դժգոհում էին, որ իրենց աշխատավարձը շատ ցածր է` այն պարագայում, երբ ՀԷՑ-ի տնօրենն ու նրա ռուսազգի տեղակալները 6-7 մլն դրամ աշխատավարձ են ստանում: Ավելին` նրանց պատմելով, Ե. Բիբինը պաշտոնավարման տարիներին դեկտեմբերի 22-ին՝ էներգետիկների մասնագիտական օրվա առիթով ոչ թե իրական էներգետիկներին, այլ իրեն 80 մլն դրամ, իսկ իր տեղակալներին` 40-60 մլն դրամ պարգևատրումներ է տալիս: Մինչդեռ շարքային աշխատակիցները 60-160 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Իսկ Ռուսաստանից բերված անվտանգության աշխատակիցները, այսինքն` պահակակետերի հսկողները, հայ մասնագետների համեմատ 15-20 անգամ ավելի բարձր են վարձատրվում:

Նրանք մեզ պատմեցին, որ Ե. Բիբինը պաշտոնավարման առաջին տարին ապրել է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որտեղ ամսական 5-6 հազար դոլար վարձ է վճարել: Այժմ էլ հսկայական շքեղ բնակարան է վարձել Տերյան-Իսահակյան փողոցում գտնվող այն նորակառույց շենքում, որը կառուցել են փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Սամվել Մայրապետյանը: Ե. Բիբինի հետ նույն շենքում շքեղ բնակարաններ են վարձել նաև նրա ռուսազգի տեղակալներն ու այլ աշխատակիցներ: Նաև պատմեցին, որ Ե. Բիբինը ամիսը մի քանի անգամ ՌԴ է մեկնում ու թե «Զվարթնոց», թե Մոսկվայի օդանավակայաններ մուտք ու ելք է անում VIP սրահներով, ինչը բավականին թանկարժեք է:

Եվ ահա, ՀԷՑ-ի ռուսազգի ղեկավարության այս շռայլությունների արդյունքում ընկերությունն այսօր կանգնած է սնանկացման առաջ: Աշխատակիցները պատմեցին, որ Ե. Բիբինի գործունեության ընթացքում անցած տարի ՀԷՑ-ը ունեցել է մոտ 10 մլն դրամի վնաս, ինչը կպահպանվի նաև այս տարի: Մեր տեղեկություններով` հարկային մարմիններն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ուսումնասիրում են այդ ընկերության ֆինանսական գործունեությունը:

Դեռևս օգոստոսին «Առաջին լրատվական»-ն անդրադարձել էր Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալներին, որոնց համաձայն` այդ ընկերությունը պարտադիր ֆինանսական աուդիտի դրական եզրակացություն չի ստացել: ՀԷՑ-ում աուդիտն անցկացրել է աշխարհում հայտնի ERNST &YOUNG ընկերությունը: Աուդիտի ընթացքում նախ հայտնաբերվել է, որ ընկերությունը չի կատարում իր վարկային պարտականությունները «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» և «Վնեշէկոնոմբանկի» նկատմամբ, թեև յուրաքանչյուր ամիս միլիոնավոր դոլարներ է ստանում իր բաժանորդներից: Իսկ աուդիտի եզրակացության՝ «Հատուկ ուշադրություն պահանջող հարցեր» վերնագրի ներքո նշված էր, որ հայտնաբերված թերությունները «վկայում են էական անորոշության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել Ընկերության՝ գործունեության շարունակական լինելու ունակությունը»: Այս ձևակերպումը նույնն է, թե ՀԷՑ-ը կանգնած է սնանկացման առաջ:

Ի դեպ, ՀԷՑ-ի աշխատակիցները պատմում են, որ ընկերությունը գրեթե միշտ, բայց հատկապես Ե. Բիբինի պաշտոնավարման շրջանում համակարգում գրեթե ներդրում չի կատարել, և որ էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը գրեթե ամբողջությամբ մաշված վիճակում է: Այդ պատճառով էլ հաճախակի վթարներ են տեղի ունենում անձրևային կամ ցուրտ եղանակներին, իսկ ներդրում կատարվում է միայն այն ժամանակ, երբ նոր բաժանորդ է ի հայտ գալիս: Եվ որ ռուսները տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիներից ու տնտեսվարող սուբյեկտներից մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց միլիոնավոր դոլարներ են հավաքում, բայց փոխարենը չեն արդիականացնում համակարգը: Այդ գումարներն ուղղվում են ղեկավարների բարեկեցությանը կամ էլ ուղարկվում են Մոսկվա գլխամասային գրասենյակ: Փոխարենն այսօր մենք ունենք գերմաշված էներգաբաշխման համակարգ: Աշխատակիցների պնդմամբ` համակարգի նույն մաշվածության արդյունքն էր նոյեմբերի 2-ին ՀՀ ողջ տարածքում տեղի ունեցած համակարգային վթարը: Նրանց ներկայացմամբ` Իրանից Հայաստան եկող հոսանքագծի կայաններից մեկում համակարգի մաշվածության պատճառով խափանում էր տեղի ունեցել, ինչը հանգեցրել էր շղթայական խափանումների, և ողջ Հայաստանը ժամեր շարունակ հոսանք չուներ:

Սկզբնաղբյուրը՝ 1in.am

Նույն շարքից