Հասարակություն 

Ի՞նչ գործ ունի ԼԳՏԲ համայնքը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ

2006 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեան միաձայն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 1-ին հոդվածն ամրագրում է, որ կոնվենցիայի նպատակն է «ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ»։

Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունքի և հավասարության կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում։

Եվ ահա այս կոնվենցիայի շրջանակներում, որը բացառապես վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ՄԱԿ-ի կողմից պատրաստվել է զեկույց, որտեղ բացի հաշմանդամություն ունեցողներից, ավելացել է  նաև ԼԳԲՏ համայնքի ներակայացուցիչների մասին դրույթներ:

Բացի այդ, այդ զեկույցը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փոխանցել է համայնքներին: Իսկ թե ինչու՝ պարզաբանում է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Analitik.am-ի հետ զրույցում Մուրադյանը չանդրադարձավ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  պաշտպանության կոմիտեի հայաստանյան զեկույցում տեղ գտած ԼԳՏԲ անձանց վերաբերյալ դրույթներին, այլ միայն նշեց, որ նախարարությունն ընդամենը միջնորդ է հանդիսացել ՄԱԿ-ի և տարածքային կառավարման մարմինների միջև:

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ նման հանձնարարական չի եղել։ Նախարարությունն ապահովել է հանձնարարականի կատարումը»,-ասաց նա:

Մուրադյանը նշեց նաև, որ զեկույցը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, և նախարարությունն իր գործառույթների շրջանակներում ապահովել է զեկույցի փոխանցումը:

«Տարածքային կառավարման մարմինները զեկույցի շրջանակներում կարող են ներկայացնել հաշվետվություն՝ տարածքային կառավարման մարմիններում զեկույցին առնչվող կետերի իրականացման վերաբերյալ։ Տարածքային մարմինների հաշվետվությունները կարող են փոխանցել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով»:

Նա ևս շեշտեց, որ զեկույցը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույց է:

Իսկ թե ինչո՞ւ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հայաստանյան զեկույցում տեղ գտել ԼԳՏԲ անձանց վերաբերող դրույթներ, դեռևս անհասկանալի է:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից