Հասարակություն 

«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի հայտարարությունը

analitik.am

2019 թվականի նոյեմբերի 6-ին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը հերքման պահանջ է առաքել «Առաջին լրատվական» ՍՊԸ-ին, «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին և լրագրող Գոհար Հայրապետյանին՝ 04.11.2019թ. «www.1in.am» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված տեսանյութի շրջանակներում վերջինիս կողմից ընկերության և դրա բաժնետերերի գործողությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկատվության վերաբերյալ:

Իրավունքի պաշտպանության նշված օրինական եղանակի օգտագործմամբ ակնկալվել է, որ լրատվական գործունեություն իրականացնող անձինք, քաջատեղյակ լինելով իրենց պարտականություններին, հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընկերությանը կտեղեկացնեն հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր կհայտնեն, որ հերքման տարածումը մերժվում է:

Օրենքով սահմանված պարտականությունը կատարելու փոխարեն, նույն անձանց կողմից տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն, թե իբր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Գ. Հայրապետյանի կատարած արտահայտության համար և թիրախավորել «1-ին» լրատվականին (հավաստիանալու համար առաջարկում ենք օգտվել պաշտոնական datalex.am դատական տեղեկատվական համակարգից):

Նշված ապատեղեկատվությունը տարբեր հարթակներում դարձվել է քննարկման առարկա, արժանացել տարատեսակ գնահատականների, մեկնաբանվել տարբեր «մտահոգ» սուբյեկտների ցնորքների և մտասևեռումների շրջանակներում՝ իրավունքների պաշտպանության՝ պետության կողմից սահմանված և երաշխավորված, սակայն դեռևս չիրացված մեթոդների օգտագործումը ներկայացնելով որպես թիրախավորումներ, բռնաճնշման կամ լռեցման փորձեր:

Բոլոր նրանց, ովքեր փորձում են նմանատիպ շահարկումների, զրպարտությունների և մաղձի տարածման միջոցով արատավորել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործարար համբավը, ծանուցում ենք, որ մենք շարունակելու ենք գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, չենք տրվելու սադրանքների, և մեր հայեցողությամբ օգտագործելու ենք ՀՀ օրենսդրությամբ թույլատրված և երաշխավորված բոլոր միջոցներն ու եղանակները՝ պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:

Միաժամանակ, սանձարձակությունը, ցինիզմը, տգիտությունը կարծիքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքի հետ շփոթողներին տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ հռչակված՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց հիմնական իրավունքներն ու օրինական շահերը:

«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատ

 

Նույն շարքից