Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Rai 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք զարմացա՞ծ է, որ Միացյալ Նահանգների Սենատն արգելափակեց հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
«Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ:
Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»,-ասել է նախարարը: