Հասարակություն 

Սա իսկական աբսուրդ է․ Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենի պարտականությունները կատարելու է Իրանի քաղաքացին

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնկատար է ընտրվել Վլադիմիր Սիմոնյանը, իսկ փոխտնօրենի պարտականությունները կկատարի իրանցի Իման Մեմարիանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը»:

Analitik.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին՝ արդյո՞ք այլազգին կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնեց, որ ազգությամբ հայերի համար գործում է պարզեցված ընթացակարգ, իսկ այլազգիների համար կան որոշակի պահանջներ ու պայմաններ:

Բիչախչյանի խոսքերով, անձը 3 տարի Հայաստանում պետք է ունենա կացության կարգավիճակ, կամ վերջին երկու տարում պետք է ամուսնացած լինի ՀՀ քաղաքացուհու հետ: Կա նաև այլ տարբերակ, այն է՝ վերջին մեկ տարին պետք է օրինական բնակվի Հայաստանում կամ ունենա ՀՀ քաղաքացի երեխա․ «Հակառակ դեպքում, այլազգին պարզապես չի էլ կարող դիմել ՀՀ քաղաքացիության համար»,-ասաց նա:

Վերադառնալով իրանցուն որպես Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն նշանակելու փաստին, այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կան բարձրակարգ մասնագետներ, և կարող են կառավարել Կենդանաբանական այգին․ «Ո՞նց է այգու արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը խաբել ու համոզել քաղաքապետարանին, որ փոխտնօրեն նշանակեն օտարազգի մարդու, ում մասնագիտական որակները հենց Իրանում կասկածի տակ են դրվել»,-ասաց նա:

Մանուկյանը համոզված է, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի՝ չբացառելով, որ տնօրեն կնշանակեն հենց իրանցուն․ «Իրանցի մասնագետները շատ բան ունեն սովորելու հայ մասնագետներից։ Ես դեմ չեմ, որ համագործակցեն, սակայն կարիք չկա, որ իրանցուն նշանակեն տնօրեն կամ փոխտնօրեն»:

Նա համոզված է, որ Ռուբեն Խաչատրյանը՝ չլինելով մասնագետ, խաբել է քաղաքապետարանին, որտեղ ևս վայրի կենդանիների գծով մասնագետներ չկան: Արդյունքում քաղաքապետարանի կողմից տրված գումարները ոչ արդյունավետ են ծախսվել․ «Գումարները ներդրվել են Կենդանաբանական այգում, որպեսզի լուծվեն խնդիրները, սակայն սխալ ծախսվելու արդյունքում խնդիրներն ավելացել են»,-շեշտեց այգու նախկին աշխատակիցը:

Ըստ Մանուկյանի, Իման Մեմարիանին քննադատում են Իրանում․ «Իսկ մենք այդ մարդուն բերում ենք Հայաստան և նշանակում փոխտնօրեն՝ Ռուբեն Խաչատրյանի ուղղորդմամբ, իսկ քաղաքապետարանը համաձայնում է։ Սա իսկական աբսուրդ է»,-ասաց նա:

Նշենք, որ Analitik.am-ի տեղեկութուններով Իման Մեմարիանին 3 տարի չի բնակվել Հայաստանում, հայ չէ, ամուսնացած չէ հայ կնոջ հետ և Հայաստանում գրանցված երեխաների մասին որևէ տեղեկություն հայտնի չէ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից