ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող է զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը, եթե դա անհրաժեշտ լինի երկրում ճգնաժամը հաղթահարելու համար։
Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 20-ին Le Monde պարբերականին տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է Лента-ն։
Խոդորկովսկին բացատրել է, որ այժմ իր առջև նման խնդիր դրված չի։ Ընդ որում, ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ կլինի «իր վրա վերցնել այդ աշխատանքի մի մասը»։
2004-ին Միխայիլ Խոդորկովսկին համարվում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունով։ 2003-ին նա ձերբակալվել է խարդախության մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման։ Միխայիլ Խոդորկովսկին ազատ է արձակվել 2013-ի դեկտեմբերի 20-ին։