Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21.00-ին, «Ֆեյսբուքում» գրառում է հայտնվում, որտեղ նշվում է, որ երկու հոգի գնացել են Գեղամա լեռներ, պատրաստվում էին մինչև երեկո վերադառնալ, բայց դեռ չկան ու բավական երկար ժամանակ է՝ անհասանելի են:

Այդ գրառման մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանցից մեկը Գեղամ Օհանյանն է, և որ նրանք տնից դուրս են եկել առավոտյան 10-ի կողմերը: Քիչ հետո նույն գրառման տակ հայտնվում է մեքենայի նկարը, որով գնացել են: Այս գրառումից մոտ 20 րոպե անց Ֆեյսբուքում հայտնվում է մեկ այլ գրառում այն մասին, որ Գեղարդի կողմից մեքենա է բարձրացել Վիշապալիճ ու չի վերադարձել:
Գեղամ Օհանյանի շրջապատն անհանգստանալով տարածում էր նրա հեռախոսահամարը։
Ժամը 21.27-ին արդեն ԱԻՆ-ում է ահազանգ ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ ու տևական ժամանակ է՝ նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել:
Ըստ Շանթնյուզի՝ «անցնում է ևս 30 րոպե, ու ինֆորմացիան ունենալուց մեկ ժամ անց Շանթնյուզը լուր է հաղորդում դեպքի մասին: Մեկ ժամ սպասելով՝ գուցե որևէ նորություն լինի: Նյութը հրապարակելու պահին ԱԻՆ-ը ներգրավվել էր որոնողական աշխատանքներին, և դեպքի վերաբերյալ որևէ կասկած չկար։ Շանթնյուզը հրապարակել է ինֆորմացիան, որն, անկասկած, ստույգ էր։ Շանթնյուզի գերնպատակը եղել է հնարավորինս մեծ ուշադրություն սևեռելն այդ պահին վտանգի մեջ գտնվող երիտասարդների վրա։
Հ․Գ․ Ի դեպ, կորել՝ ահա այն բառը, որից սրտնեղում են գրառում անողները, այդ բառն ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է մի քանի անգամ»: