Օրեր առաջ իր վերջին հարցազրուցի ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով նշյալ հայտարարության մասին, ասաց՝ այն մեկնաբանությունները, որոնք արվում են «բաց հասարակության հիմնադրամի» առնչությամբ, եղել են դեռ վաղուց, երբ Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն. «Այդ հայտարարությունները գրեթե ամեն օր էին անում: Ես վստահ եմ, եթե պարոն Վանեցյանը տեսներ, որ ազգային անվտանգությանը որևէ կերպ վտանգ է ներկայացնում նշյալ կազմակերպությունը, ապա անմիջապես կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը: Եթե նա նման գործողությունների չի դիմել, ուրեմն վտանգ չի տեսել»:
«Մենք անձի անուն ենք նշում, բայց ինստիտուտներն անձերով պայմանավորված չեն: Ես վստահ եմ, որ պարոն Վանեցյանի այդ դիրքորոշումը պայմանավորված է եղել այն վերլուծությունների ու զեկույցների վրա, որոնք նրան ներկայացվել են: Այս պարագայում հիմա նրա մեկնաբանություններն ինձ մոտ տարակուսանք են առաջացնում: Կարծում եմ, որ դրա պարզաբանումը Վանեցյանը կտա, եթե նրան հարցնեն այդ մասին»,-հավելեց Մակունցը:
Հարցին, բացառում է արդյո՛ք, որ Վանեցյանը մտահոգություններ կարող հայտնել է, ուղղակի քաղաքական իշխանությունն ականջալուր չի եղել, Մակունցը հայտարարեց, թե բացառում է, որ Վանեցյանը քայլեր չէր ձեռնարկի, եթե որևէ բան վտանգ ներկայացներ ազգային անվտանգությանը: