Արթուր Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակությունների հիմնադրամը» Հայաստանում գործում է կրկին երկար տարիներ՝ այն ժամանակ, երբ Վանեցյանը եղել է Էրեբունի շրջանի ԱԱԾ պետ, երբ եղել է Կենտրոն վարչական շրջանի պետի տեղակալ, երբ եղել է ԱԱԾ տնօրեն: Եթե մտահոգություններ կային, որոշակի գործողություններ կիրականացներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով «Սորոսի» գրասենյակի մասին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, որ այն վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:
Մարուքյանի խոսքերով, եթե նման բան կա, պետք է քրեական գործեր լինեին՝ որևէ կառույց փակելը կամ ապագան քննարկման առարկա դարձնելու համար․ «Հայաստանում չի կարող ոչ կառավարական կառույցը փակվել առանց դատարանի»:
Մարուքյանը Վանեցյանի հայտարարությունները գնահատում է որպես տոտալ քաղաքական՝ հնարավոր ինտրիգ պահելու, սպասելիք ձևավորելու առումով:
«Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ երեք առանցքային պաշտոններում չկան նշանակված պաշտոնյաներ՝ ԱԱԾ տնօրեն, Ոստիկանապետ, ՊՎԾ պետ: Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ այս պաշտոններում այսքան երկար ժամանակ նշանակում չլինի, լինեն ԺՊ-ներ: ԺՊ-ները չգիտեն՝ իրենք հետագայում լինելու են, թե՝ ոչ, համակարգն էլ չգիտի այդ մասին, ինչը հերթական անորոշությունն է, ինչը վատ է: Ես չեմ կարծում, թե այս անորոշության մեջ ինչ-որ մեկը կզբաղվի Վանեցյանով: Ավելին ասեմ՝ դրա զբավելու կարիքն էլ չկա, քանի որ պետք չէ օրակարգը լցնել այլ թեմաներով»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ լուրջ չի վերաբերում Վանեցյանի հայտարարությանը: