Օրեր առաջ իր վերջին հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ֆինանսավորվում են դրսից ու ակտիվ գործունեություն են ծավալում:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրսից գումարներ չի ստանում, դրամական միջոցները գոյանում են անդամավճարներից և հանրային դրամահավաքներից, ինչի մասին բոլորը տեղյակ են լինում:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է և երբևիցե նմանատիպ խնդիրներ չեն ունեցել. «Մեր բոլոր գործողություններն օրինական են ու թափանցիկ»:
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ դրսից ֆինասնավորում իրենց կուսակցությունը չունի. «Ասեմ, որ մենք անգամ ներսից ֆինանսավորում չունենք: Հայաստանի պատմության մեջ ԼՀԿ-ն միակ խորհրդարանական ուժն է, որ մեդիա չունի»: