Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն աշխարհն ապակայունացնելն է և Ռուսաստանի օրակարգը միջազգային քաղաքականությանը պարտադրելը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է Լենտան:
Նրա խոսքերով, միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանի նախագահն ակտիվորեն օգտագործում է հիբրիդային մեթոդներ և «փորձում է մեղքը գցել Ուկրաինայի վրա՝ ԱՄՆ ներքին գործերին միջամտելու համար»: Պորոշենկոն նաև պնդել է, որ Մոսկվան շահագրգռված է դրանով, որպեսզի «ամբողջ ուշադրությունը շեղի ռուսական ագրեսիայից»:
«Մենք ոչ միայն կանգնեցրինք աշխարհի երկրորդ ամենահզոր բանակն ունեցող երկրին՝ Ռուսաստանին, այլև դադարեցրինք «Նովոռոսիա» նախագիծը՝ Ուկրաինան մասերի բաժանելու համար: Պուտինը մտածում էր, որ իրեն կդիմավորեն աղ ու հացով, սակայն դա տեղի չունեցավ: Եվ այժմ նա օգտագործում է հիբրիդային պատերազմի գործիքները, և դրանով իսկ շեղում է աշխարհի ուշադրությունը»,-ասել է Պորոշենկոն:
Նա նաև շեշտել է, որ Ուկրաինային այսօր անհրաժեշտ է միջազգային աջակցություն, որպես պետություն, որը դեմ է աշխարհում «ագրեսոր երկրի» ուժեղագույն բանակներից մեկին․ «Ուկրաինայի և Ռուսաստանի, ուկրաինացիների և Պուտինի միջև պայքարը համաշխարհային պայքար է: Ի վերջո, սա պայքար է հանուն ազատության, հանուն ժողովրդավարության, ապագայի: Այն ամենը, ինչը մեզ միավորում է»,-ավելացրել է քաղաքական գործիչը: