ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Միջազգային բարեփոխումների և ինտեգրացիայի նախարարությունը պետք է ունենա գործառույթների հստակ ուղղվածություն, ինչի մասին նշված չէ ԱԺ ներկայացրած նախագծում:
«Ի՞նչով է զբաղվելու, ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը գնում, այդ հարցերի պատասխանը չկա նախագծում: Եթե ԵՏՄ բարեփոխումների մասին է խոսքը գնում, այդպես էլ գրեիք: Հակառակ դեպքում տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք է նշանակենք նախարար, նախարարություն ենք բացում, բերում, նրան պորտֆել ենք տալիս»,- Կառավարության կողմից ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց նա:
Տեղեկացնենք, որ այս նախագծով առաջարկվում է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր՝ Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն:
«Հակառակ դեպքում` այս տեսքով կարող եք բերել, ինչ նախարարություն ուզեք՝ բացել: «Բարև-բարլուսի» նախարարություն կարելի է անունը դնել, «Բարի գիշերի» նախարարություն կարելի է անունը դնել, գործառույթը չի երևում նախագծի մեջ: Կարելի է անունը դնել խառը գործերի նախարարություն ու ավարտել»,-ասաց նա և հայտարարեց, թե իրավական առումով ևս նախագիծը փնթի վիճակում է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ պատշաճ չէ, որ անընդհատ Կառավարությանը դաս են տալիս։