Քաղաքական 

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ին կոչ է արել իրագործել սեփական չափանիշները

Նոյեմբերի 17-18-ը Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում ներկայացնում էր իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում:


Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձեւավորման, արդյունավետ կառավարման եւ մարդկային արժանապատվության աջակցման գործում:


Նա միաժամանակ ԵԺԿ-ին կոչ է արել իրագործել սեփական չափանիշները, ընդգծելով ընդդեմ ներքին եւ արտաքին սպառնալիքների Հայաստանի ինքնիշխանության ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ազատության ու ինքնորոշման իրավունքի ճանաչման, ինչպեսեւ մինչեւ 100-ամյա տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման վերահաստատման, դատապարտման եւ հատուցման պահանջի հրամայականները:


ԵԺԿ գրասենյակում նախագահ Ժոզեֆ Դոլը առանձին ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քննարկելու ինչպես Հայաստանի ու Եվրոպայի, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդհանուր մարտահրավերները:

Նույն շարքից