Նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, մարզային փրկարարական վարչության պետ, Սերոբ Գաբրիելյանի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:
Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին:
Ավելին՝ shamshyan.com