Քաղաքական 

Երևանը նույն օրը քաղաքապետի երեք դերակատար է ունեցել. 70 որոշում կարող է առոչինչ լինել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդ գնալու և այն մասին, որ վերջինիս բացակայության ընթացքում փոխարինել է առաջին տեղակալը. «Օրենքով միայն քաղաքապետը կամ առաջին տեղակալն իրավունք ունեն իրականացնելու քաղաքապետի լիազորությունները, սակայն այդ լիազորությունները կամ քաղաքապետի որոշմամբ, գիտությամբ, կամ այլ կերպ իրականացրեց պարոն Հայկ Սարգսյանը, ով ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց՝ քաղաքապետի որոշումների կարգադրություններ: Այդ գործընթացը սկսվեց ամսի 4-ին: Այդ օրը մենք ունեցել ենք քաղաքապետի երեք դերակատար՝ քաղաքապետը, Հրաչյա Սարգսյանը և Հայկ Սարգսյանը: Մեկ օրվա մեջ երեք տարբեր պաշտոնյաներ հանդիսացել են քաղաքապետի ժամանակովր պաշտոնակատարներ»:

Խաժակյանի խոսքերով, խնդիրը տեխնիկական չէ. «Այդ օրն այն օրն էր, երբ քաղաքապետը պետք է վերադառնա արձակուրդից, սակայն չվերադարձավ, պարոն Հրաչյա Սարգսյանն էլ մեկնեց իր գործերով և պարոն Հայկ Սարգսյանը ստանձնեց այդ լիազորությունները: Պետք է պարզվի, թե ինչպես է ամեն ինչ եղել:

Պարոն, քաղաքապետ, Դուք լիազորությունները թողել եք պարոն Հրաչյա Սարգսյանի վրա: Ես դիմում եմ ավագանու մեր գործընկերներին: Սա օրենքի կոպտագույն խախտում է: Բանն այն է, որ քաղաքապետարանում բացի քաղաքապետից ու առաջին տեղակալից իրավասու չեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, լիազորություններ իրականացնելու, ինչը բխում է օրենքից: Ես դիմում եմ խմբակցությունների մեր գործընկերներին, որպեսզի տեսակետ հայտնեն: Սա վտանգավոր նախադեպ է, այս իրավական ակտերը չեն բխում օրենքից և կարող են մեկ վայրկյանում դառնալ առոչինչ»:

Խաժակյանը դիմեց նաև իրավապահներին՝ հայտարարելով, որ պաշտոնական լիազորություններն անցնելու հարց կարող է բարձրացվել:

Ավագանու անդամի պնդմամբ, որևէ քաղաքացու կողմից դատական հայցի դեպքում վերոնշյալ 70 որոշումները կարող են անմիջապես բեկանվել:

Հայկ Մարությանը խոսքը փոխանցեց իրավական հարցերով իր խորհրդականին, ով ասաց, որ պատասխանը շատ պարզ է. «Օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել: Եթե քաղաքապետն ու առաջին տեղակալը բացակայում են, քաղաքապետարանը չի կարող մնալ անկառավարելի վիճակում: Հիմք է ընդունվել Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը, որի հիման վրա. «Եթե որևէ մեկը կարծում է, որ դա կարող է դատական վեճի առարկա դառնալ, որևէ մեկը որևէ մեկին չի կարող արգելել դիմել դատարան: Այդ դեպքում մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»։

Նույն շարքից