Քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվերներ չի ընդունել, իսկ Սամվել Ալեքսանյանից առհասարակ որևէ նվեր չի ընդունել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ է նվիրել Երևանին:
Ավելի վաղ «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ Ալեքսանյանը բեռնատարներ է նվիրել Երևանին, ինչի մասին քաղաքապետարանը լռում է և այդ «Կամազ»-ները ներկայացնում է որպես գնված:
Կարապետյանի խոսքերով, եթե հետագայում Սամվել Ալեքսանյանը կամ որևէ գործարար որոշի օժանադակել քաղաքային տնտեսությանը՝ նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից. «Քաղաքային իշխանությունը ողջունում է դա: Եթե բիզնեսը վստահում է քաղաքային իշխանությանը, եթե անհատը ուզում է իր համայնքին, իր երկրին նպաստ բերել՝ նվիրատվությամբ, քաղաքը դա ընդունում է, սակայն դրա փոխարեն որևէ պարտավորություն չի ստանձնում»:
Քաղաքապետի խոսնակը նաև հայտնեց, որ այս պահին Երևանում աղբահանություն իրականացնող ավտոմեքենաներից միայն 35-ն է համայնքը ձեռք բերել: Դրանից զատ կա ձույն մաքրող տեխնիկա, շինտեխնիկա և այլն:
Թե ովքեր են նվեր տվողները, խոսնակն ասաց, որ պետք է սպասել տարվա վերջին, երբ շնորհակալագիրներ կհանձնվեն: