Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ շնորհակալ կլինի բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն կանեն Երևանին՝ նշելով, որ առկա խնդիրներն ավելի շատ են, քան՝ բյուջեի հնարավորությունները:
Լրագրողի դիտարկմանը, որ մոտ 20 բեռնատար է նվիրվել քաղաքին, սակայն հանրությունն այդ մասին չի իմացել և հարցին, թե ինչու չեն հայտնել, եթե հաշվի առնենք այն, որ կարող են լինել մարդիկ, ումից չեն ցանկանա նվեր ընդունել, Մարությանն ասաց, որ իր համար անհասկանալի են, թե թվերը որտեղից են վերցվել. «Ես ինքս այս պահին կոնկրետ ոչ մի թիվ չգիտեմ, քանի որ ինձ հետաքրքրում է միայն փաստը, որ մարդիկ նվիրատվություն են անում: Մենք շնորհակալ ենք բոլորին:
Ի դեպ, եթե վաղը պարոն Ալեքսանյանը նույնպես նվիրատվություն անի, նրան նույնպես շատ շնորհակալ կլինեմ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են Երևանին: Ես դիմում եմ բոլոր գործարարներին և մյուսներին՝ ով ինչով կարող է, թող այսօր օգնի թե՛ Հայաստանին, թե՛ Երևանին»:
Մարությանի խոսքերով, Երևանի բնակիչներն ամեն ինչ շատ լավ գիտեն:
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս գիտեն, եթե այդ մասին չի հայտնվում, Մարությանը, չնայած մեկ րոպե առաջ արված պնդմանը, թե թվեր չգիտի, նշեց, որ աղբահանության հիմնարկն ունի 54 մեքենա, գնվել է 34 մեքենա. «Պարզ է, որ 20 հատը նվեր է, բա որտեղից է: Եթե բյուջեով գնել ենք 34 մեքենա, բայց կա 54 մեքենա, ուրեմն մնացածը նվեր են: Ի դեպ դրանք միայն «Կամազ»-ներ չեն: Չգիտեմ, թե որից քանի հատ ունենք, բայց արդյունքը լավ է»: