Իտալիայում «սխոդկայի» ժամանակ 62-ամյա Իլյա Սիմոնիային, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Մախո, վերադարձվել է օրենքով գողի տիտղոսը, որից նա զրկվել էր 26 տարի առաջ՝ 1993 թվականին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Прайм Крайм-ին:
Հանդիպումը կազմակերպել է Սուխումի օրենքով գողերի առաջնորդ Մերաբ Ջանգվելաձեն (Սուխումսկի): Հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպական քրեական հեղինակություններ: Հանդիպման մասնակիցները զանգահարել են հանցավոր աշխարհի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր առնչվել են Սիմոնիայի պատմությանը:
Օրենքով գողերից ոչ մեկ չի առարկել Սիմոնիային տիտղոսը վերադարձնելու մասով: Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Քալաշովը (Շակրո Մոլոդոյ) նույնպես չի առարկել: Միակը, ով դեմ է արտահայտվել, եղել է Քալաշովի մոսկովյան իրավահաջորդ Բադրի Կոգուաշվիլին (Քութայիս), սակայն նրա կարծիքն անտեսվել է մեծամասնության կողմից:
Գործակալության տվյալներով՝ Իլյա Սիմոնիան Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) հակառակորդն էր։ Սիմոնիայի և Իվանկովի միջև կոնֆլիկտը սկսվել է 80-ականների վերջին, Իրկուստկի շրջանի Տուլուն քաղաքում գտնվող գաղութում։ Երբ Իվանկովը հայտնվել է վերոնշյալ գաղութում, Սիմոնիան հրաժարվել է ճանաչել նրան որպես օրենքով գողի։ Բացի այդ, Սիմոնիան փորձել է դատապարտյալներին և հիմնարկի աշխատակիցներին տրամադրել Իվանկովի դեմ, սակայն վերջիններս չեն համարձակվել հեղինակությանը դեմ դուրս գալ։
1992 թվականին, Մոսկվայում կայացած հավաքի ժամանակ, Սիմոնիան կոնֆլիկտ է ունեցել նաև Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հետ, ով մեծ հեղինակություն էր վայելում քրեական աշխարհում։ Սիմոնիան հարվածել է Հասանին, ինչի պատճառով էլ 26 տարի ժամկետով զրկվել էր օրենքով գողի տիտղոսից։
Սիմոնիան մի քանի անգամ փորձել է վերականգնել իր տիտղոսը, բայց նրա ազդեցիկ հակառակորդները կանխել են դա: Այժմ, ինչպես նշում է Прайм Крайм-ը, Սիմոնիան, ով դարձյալ համարվում է օրենքով գող, անխուսափելիորեն շահերի բախում կունենա Տյուրիկի հետ: