Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ֆրանսիայի նախագահին՝ «Շառլի Էբդո» ամսագրի վրա հարձակման կապակցությամբ

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որը տասներկու անմեղ մարդկային զոհերի և մի շարք վիրավորների պատճառ է դարձել, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը Ձեզ հետ են, ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին։ Մեր անկեղծ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նույն շարքից