Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 26-ին Սպիտակ տան տարածքը փակվել է, իսկ Կոնգրեսը տարհանվել է օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական ուժերի հրամանատարությունը (NORAD) ուղղաթիռներ է ուղարկել ստուգումներ իրականացնելու համար:
Նշվում է, որ ռադարի վրա երևացող «կետը» ընկալվել է, որպես անհայտ օդային օբյեկտ, որը խախտում է օդային տարածքը, ինչի համար էլ Սպիտակ տան տարածքն արագ փակվել է, իսկ Կոնգրեսը՝ տարհանվել:
Դեպքի վայր հասած ուղղաթիռները սպառնալիք չեն հայտնաբերել, ինչի արդյունքում որոշում է կայացվել հնարավոր անօդաչու թռչող սարքը փնտրել արդեն ոչ օդային տարածքում:
Այս պահին երեք հիմնական վարկած կա՝ թռչուններ, մթնոլորտային անոմալիա և անօդաչու թռչող սարք:
Իրավապահները մինչև այս պահը հստակ չեն ասում, թե ինչ է տեղի ունեցել: Միայն հայտնի է, որ ռադարների վրա դանդաղ շարժվող ինչ-որ անհայտ օբյեկտ է եղել, որն էլ առաջացրել է խառնաշփոթը:
Չի բացառվում, որ դա ուղղակի թռչունների երամակ է եղել:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիան ևս իր ռադարների վրա որևէ օդանավ չի հայտնաբերել:
Բացի դրանից, օպերացիայում ներգրավված օդաչուներից մեկը հայտնել է, որ թռչունների երամակ է նկատել:
Նշենք, որ տարհանումից հետո Կապիտոլիումում աշխատանքները վերսկսվել են 45 րոպե անց: