ԵՊՀ Հայ բանասիրական և Պատմություն ֆակուլտետի ուսանողները շարունակում են դասադուլը։ Նրանք նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց:
Լրագրողների հետ զրույցում ուսանողներից Գևորգ Գյուլումյանը հայտնեց, որ երեկ փորձել են զրուցել ռեկտորի պաշտոնակատարի հետ, իրենց հուզող հարցերի պատասխանը հենց նրանից ստանալու համար. «Սակայն, նա չկանգնեց մեզ հետ խոսելու համար, արհամարհեց մեզ՝ մեջքով կանգնած խոսելով մեզ հետ: Ըստ էության խոսակցություն չեղավ, տպավորություն էր, որ ռեկտորի ԺՊ-ն պաշտպանում է ոչ թե ուսանողների, այլ՝ Արայիկ Հարությունյանի շահերը»:
Գևորգն ասաց, որ իրենք նամակ էին ուղարկել, որի վերջնաժամկետը նոյեմբերի 25-ին էր. «Մենք նամակը երեկ ենք ստացել, սակայն այդ մասին մեզ չեն տեղեկացրել: Ռեկտորը ասաց, որ մենք հետադարձ հասցե չէինք թողել: Բայց եթե անվտանգության աշխատակիցները կարողանում են կապ հաստատել մեզ հետ, մի՞թե բարդ էր դա անել: Ռեկտորը պետք է ընդունի մեզ ու մի շարք հարցերի պատասխան տա, քանի որ նրա պատասխան նամակում պատասխանները լղոզված են ու չեն բավարարում մեզ: Բացի դրանից, մենք նաև գիտխորհրդի պատասխանն էինք ուզել, սակայն նա իրեն իրավունք է վերապահել պատասխանել գիտխորհրդի փոխարեն, ինչը մենք չենք ընդունում»:
Գյուլումյանն ասաց, որ մոտենալու են ռեկտորի ընդունարանին, ռեկտորը պետք է դուրս գա ու պատասխանի իրենց, նստացույց են անելու, սակայն՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, ոչ թե՝ 24 ժամ:
Լրագրողների զրուցակիցը նաև հայտնեց, որ իրենց շարքերում կան և՛ ԲՀԿ-ականներ, և՛ Իմ քայլի համակիրներ, և՛ ՀՅԴ-ականներ, կան կոմունիստական հայացքներ ունեցողներ:
Այս պահին անվտանգության աշխատակիցները պատրաստվում են ռեկտորին տեղյակ պահել զարգացումների մասին։