Քիչ առաջ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպեց ուսանողների հետ, ովքեր պահանջում են ԵՊՀ գիտխորհրդի նիստ հրավիրել ու քննարկման առարկա դարձնել Հայոց լեզուն ու Պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ծրագրերից դուրս բերելու հարցը:
Ակցիային մասնակցում է և այսօրվա հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը:
«Դուք էն Գալստյան Էդուա՞րդն ենք»,-հարցրեց Գևորգյանը:
«Էն չէ, ես Գալստյան Էդուարդն եմ»,-արձագանքեց Գալստյանը:
«Դուք ուսանող չէք, ի՞նչ եք անում այստեղ»,-հարցրեց ռեկտորի պաշտոնակատարը:
«Ես աշխատակից եմ»,-պատասխանեց ԵՊՀ աշխատակիցը, ում ռեկտորի պաշտոնակատարը չէր ճանաչում:
«Բա հիմա ի՞նչ եք անում այստեղ, դասադո՞ւլ»,-կրկին հարցրեց ռեկտորի պաշտոնակատարը:
«Գործադուլ եմ անում»:
«Խնդրում եմ կարդաք գործադուլի մասին օրենքն ու այդպես հպարտորեն չասեք»,-ասաց Գևորգյանը:
«Ես կարդացել եմ: Չգիտեմ՝ 2018-ին պարոն նախարարին (նկատի ունի Արայիկ Հարությունյանին, ով այն ժամանակ դեռ ԵՊՀ դասախոս էր) նույնը խնդրել եք, թե չէ: Իսկ արհմիությունը տեղյակ է, ես հրապարակային եմ հայտնել այդ մասին»,-նշեց Գալստյանը:
Ի վերջո ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել նրանց հետ, ովքեր ցանկանում են, սակայն մի պայմանով՝ եթե որևէ մեկը ընդհատի մյուսի խոսքը, հանդիպումը կընդհատվի:
Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք կբերվի վաղը: