Ադրբեջան մեկնած հայ լրագրողներից «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրեն երկու բան է տպավորել հարևան երկրում. «Ինձ տպավորել է Բաքուն, որը շատ գեղեցիկ, զարգացող, եվրոպական քաղաք է»:
Լրագրողին երկրորդ բանը, որ տպավորել է, հանդիպել է կիսահրեական գյուղում, որը կրում է Կրասնայա Սլաբոդա անունը, այն Ղուբա քաղաքի հարևանությամբ է. «Մենք այնտեղ մի քանի դարպասների վրա վարդագույն քողեր տեսանք: Երբ հարցրեցի, թե ինչ է դա, ասացին, որ այդ տներում ապրում են հարսնացուներ: Որպեսզի փեսացուներն իմանա, որ այնտեղ հարսնացուներ կան, իրենք վարդագույն գույնի քողով զարդարում են դրանք: Ինձ համար դա շատ անսովոր էր, դրա համար տպավորել է»:
Լրագրողը նաև նշեց, որ Բաքվում իր նկատմամբ ատելություն չի զգացել, սակայն թշնամանք զգացել է՝ հավելելով, որ իրենք առաջին հայերն են եղել, որոնց շատ ադրբեջանցիներ տեսել են: