Հասարակություն գլխավոր 

Էս նույն տղերքն են իրենց ջեբից խորոված անում, ճանապարհ փակում, որ Փաշինյանը նստի գահին, հիմա էլ պե՞տք չենք. Ակցիայի մասնակից

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի մոտ: Ակցիայի մասնակիցների մեկի խոսքերով, 2017-18 թվականներին ավտոմեքենա վաճառելու դեպքում գործում էր «մեկ վաճառք, մեկ նվիրատվություն» սկզբունքը, իսկ այսօրվա իշխանությունները որոշել են, որ այդ օրենքն այլևս չի գործում ու պետք է հարկ վճարել վաճառած ավտոմեքենայի 20 տոկոսի չափով:

Բացի դրանից ավտոներկրողին դուր չի գալիս նաև այն, որ Հայաստանում հայը ստիպված է լինում իր ավտոմեքենան վաճառելու համար «հավասար քյալա տալ» ղազախների հետ:

Քաղաքացու խոսքերով, նախկին իշխանությունների ժամանակ ինչքան էլ դժգոհել են, սակայն հնարավոր է եղել այս կամ այն կերպ լուծել հարցը. «Այն ժամանակ մեր հարցերը կարողանում էինք լուծել, եթե 5 հազար դրամ դնում էինք մեկի գրպանը, հիմա պետությունն ասում ա՝ բեր 400 հազար դրամ տուր՝ հարկ ա: Էն իշխանությունից բողոքե՞նք, թե՝ էս»:

«Կռիվ էինք անում՝ հեղափոխություն, հայ հեղափոխություն, է՞ս էինք ուզում: Էս նույն ավտոներով մենք ճանապարհ ենք փակել, որ պարոն վարչապետը նստի գահին: Հիմա էս նույն մեքենաներով եկել ենք ասենք, որ մեր գրպանից փող չհանեն, ոստիկանները հարձակվում են մեզ վրա: Օրինական պահանջին այն ժամանակ էլ չէինք ենթարկվում, բա ո՞նց էին տեղավորվում դրա մեջ: Ախր էս նույն տղերքն էին, որ ճանապարհ էին փակում, իրենց ջեբից խորոված էին անում ու տալիս անցորդներին, խաչմերուկ էին փակում: Հիմա էս մարդիկ էլ իրենց պե՞տք չեն»,-ասաց քաղաքացին:

Ակցիայի մասնակիցներին դուր չի գալիս նաև այն, որ ավտոմեքենաների մաքսազերծումը Գյումրիում է, այն որ ստիպված են լինում աջ ղեկով ավտոմեքենաների ղեկերը փոխել Վրաստանում, ինչն անում են ադրբեջանցիները:

Երեկոյան հանդիպում տեղի կունենա ավտոներկրողների և ՊԵԿ ներկայացուցիչների միջև:

Նույն շարքից