Քաղաքականություն 

Դավութօղլուն շարունակում է Եվրոպային մեղադրել իսլամաֆոբիայի համար

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, ապա Եվրոպայում միջկրոնական ատելություն չէր լինի, www.analitik.am-ը զրուցեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

«Դավութօղլուի նման հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն, որովհետև նախ նա ներկայացնում է իսլամամետ կեցվածքով աչքի ընկնող քաղաքական ուժ` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն էլ այժմ Թուրքիայի իշխող կուսակցությունն է և քաղաքական իսլամը ներկայացնող ուժ է: Մյուս կողմից, թուրքական իշխանությունները վերջին տարիներին ընդգծված իսլալամետ հայտարարություններ են անում` փորձելով միավորներ վաստակել մուսուլմանական աշխարհում, որին Թուրքիան դիտում է որպես կարևոր տնտեսական շուկա»,- նշեց Թուրքագետը:


Ըստ նրա՝ տարբեր հարմար առիթների դեպքում թուրքական կողմը փորձում է հանդես գալ որպես իսլամի պաշտպանի դերում, սա հստակ է հատկապես Իսրայելի նկատմամբ Անկարայի քաղաքականությունում: Դավութօղլուն շարունակում է նաև Էրդողանի քաղաքական գիծը, որով նա հաճախ Եվրոպային մեղադրում է իսլամաֆոբիայի համար:


«Իսլամի հարցում Թուրքիայի իշխանությունների նմանատիպ հայտարարությունները ոչ միայն արտաքին, այլ ներքին հարցեր են լուծում: Մուսուլմանական աշխարհում իմիջի բարձրացմանը զուգընթաց թուրքական իշխանությունները նման հայտարարություններով փորձում են նաև ներքին լսարանում բավարարել թուրքական ընտրողների հսկա մի զանգվածի պահանջները, իսկ հայտնի է, որ իսլամի նկատմամբ դրական վերաբերմունքը թուրքական քաղաքական կուսակցություններին ընտրություններում հաջողություն են բերում»,- եզրափակեց Գ. Պետրոսյանը:

 

Նույն շարքից