Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Արևմուտքն անկում է ապրում: Այս մասին վերջինս հայտարարել է Մադրիդի Ֆրանցիսկո դե Վիտորիայի համալսարանում իր ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դարեր շարունակ աշխարհի առանցքն անցնում էր արևմուտքով, իսկ այսօր այն տեղափոխվել է արևելք: Մոլորակի վրա ապրող 7 միլիարդ մարդկանցից 4-ն ապրում է Ասիայում, իսկ կենտրոնում՝ ընդամենը 800 միլիոն: Մենք այլևս չենք հանդիսանում աշխարհի առանցքը, և դրա համար կան ժողովրդագրական պատճառնե»,-ասել է նա:
Սարկոզիի կարծիքով՝ Եվրամիության ճգնաժամը պայմանավորված է հնացած գաղափարներով: Նախկին նախագահի կարծիքով՝ պետք է հրաժարվել հին հասկացություններից և մտածել «ապագա Եվրոպայի» մասին: Այս իրավիճակը Սարկոզին ընդգծել է հղում անելով Brexit-ին, որը նա անվանել է «խելագարություն, դրամա և պատմական հակասություն»:
«Եվրոպան պետք է դադարի անշարժ լինել փոփոխվող աշխարհում: Քաղաքացիները պետք է իմանան, թե ուր են գնում: Մեզ երազանք է պետք: Անգործության պատճառով մյուսները դառնում են երազանքի տեր: Իսկ հին եվրոպական քաղաքակրթությունը դեռ երազանքներ և հավակնություններ ունի: Այն չի ցանկանում մեռնել»,-ավելացրել է նախկին նախագահը:
Արևմուտքի անկման ախտանիշներից մեկը՝ Ֆրանսիայի նախկին առաջնորդն անվանել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը: Ըստ Սարկոզիի, նա սիրում է տեսնել Միացյալ Նահանգներին որպես ուժեղ տերություն, սակայն խոստովանել է, որ «ինքը երբեք չի հավատացել, որ Twitter-ում արված գրառումները որևէ մեկին կարող են ուժեղ դարձնել»: