Ալբանիայի Պաշտպանության նախարար Օլտա Ջաչկան լաց է եղել, երբ կարդացել է երկրաշարժի արդյունքում զոհված մարդկանց անունները։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին, Ալբանիայում 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ցնցումներն առավել ուժեղ զգացվել են Տիրանեում և Դուրես քաղաքում։ Արդյունքում փլուզվել են մի քանի բնակելի շենքեր։ Իշխանությունների վերջին տեղեկություններով՝ զոհվել է 32 մարդ, տուժել՝ 658 մարդ, ևս 47 հոգի դուրս են բերվել փլատակների տակից։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման չեղյալ է հայտարարել այսօր՝ Ալբանիայի դրոշի օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունները, հայտարարվել է ազգային սուգ և մտցվել արտակարգ ռեժիմը։
«Սա իմ ամենածանր ելույթն է։ Մենք կարող ենք վերականգնել ավերված շենքերը, սակայն չենք կարող վերադարձնել նոյեմբերի 26-ին երկրաշարժի արդյունքում զոհված բոլոր այս քաղաքացիների կյանքը»,-ասել է պաշտպանության նախարարը։
Ջաչկան սկսել է կարդալ զոհվածների անունները, սակայն ցուցակի կեսից չի կարողացել զսպել արցունքները։ Զոհերի թվում կան 4 և 8 տարեկան երեխաներ, 77 և 79 տարեկան տարեց մարդիկ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարական գործողություններին մասնակցում են մի շարք նահագների մասնագետների խմբեր։