Եթե մենք ուզում են այնպիսի համակարգ, որը կծածկի բոլորին և բոլորը կլինեն պաշտպանված, մենք կունենանք այդ համակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով առողջապահության ոլորտում նոր ռազմավարության մասին:
Հարցին, թե ովքեր են բոլորն ու ինչպես է դա որոշվելու, նախարարը հայտարարեց, որ բոլորն ուզում են ընտրությունների միջոցով իշխանություն ընտրելով և Ազգային ժողովում հարցերը քննարկելով. «Եվ խնդրում եմ հեգնանքով հարցեր չտալ ինձ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ուր է գնալու աշխատավարձի 6 տոկոսից ստացված գումարը, Թորոսյանն առաջարկեց լրագրողներին ծախսել մոտ 3 ժամ, կարդալ ողջ ռազմավարությունը, հետո հարցեր տալ. «Ձեր տված հարցերից երևում է, որ դուք միայն 6 տոկոսն եք ֆիքսել ու այլ մանրամասներ չեք կարդացել: Այնտեղ ամեն ինչ գրված է, թե այդ 6 տոկոսը որտեղ պետք է հավաքվի, ինչպես պետք է ծախսվի, ինչ է մտնում դրա մեջ և այլն: Ի դեպ, այդ գումարը կարող է լինել ոչ 6 տոկոս, կարող է լինել նաև 3 տոկոս: Այնտեղ գրված է, եթե պետական բյուջեից հատկացումներն աճեն օրինակ 10 տոկոսվ, 6 տոկոսը կնվազի կես տոկոսով և այդպես շարունակ»:
Թորոսյանի խոսքերով, եթե հիմա երկիրը պատրաստ չէ նշվող փոփոխություններին, լեգիտիմ չեն լինելու հարցերը, թե ինչու պետությունը չի հոգում այն մարդկանց կարիքները, ովքեր չունեն առողջապահական ապահովագրություն: