Քաղաքականություն 

Հրամանատարությունը պատասխանատվության իր բաժինն ունի

analitik.am

Հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ հնչեցին, որոնցից մեկը Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն է:


Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով` Ադրբեջանի մասին խոսք անգամ չի կարող լինել.«Դրա հետքը չեմ տեսնում, իսկ,  ընդհանրապես, ճիշտը նախաքննության ավարտին սպասելն է, որից հետո պարզ կլինի»:


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` եթե հանցագործին ձերբակալեին Հայաստանի իրավապահ մարմինները, ապա ամեն ինչ այլ ընթացք կստանար. «Ռուսաստանն ունի  իր սահմանադրությունն ու օրենսդրությունը, և ըստ այդ սահմանադրության` իրավունք չունի` իր քաղաքացիներին հանձնելու տեղի քրեադատավարությանը: Իրավաբանորեն չգիտեմ` որ օրենքը որին է համապատասխանում կամ հակասում, բայց փաստն այն է , որ հանցագործին ձերբակալել են ոչ մեր իրավապահները, այլ ռուսական կողմը :Կարծում եմ` իրենց օրեքների և սահմանադրության հետ կապված փոխհամաձայնության  կգան  հայկական կողմի հետ և հետաքննություն կիրականացնեն, և ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց քաղաքագետը:


Հարցին, թե հնարավոր է , որ այս սպանության մեջ Ադրբեջանի «մատն է խառը», Շահնազարյանը  պատասխանեց, որ չի պատրաստվում գուշակություններ անել. «Կլինի պաշտոնական տեղեկատվություն, նոր կքննարկենք` հնարավո՞ր է նման բան, թե ոչ»,-ասաց նա:


Ըստ քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյան` դեպքի հետ կապված պետք է հասկանալ շարժառիթները` ո՞ւմ հետ է դա արվել և ինչպե՞ս է արվել . « Եվ իհարկե,  հրամանատարությունը պատասխանատվության իր բաժինն ունի. զինծառայողին հաջողվել է դուրս գալ զորամասից և քաղաքի  մի ծայրից հասնել մյուս ծայրը,  սպանդ իրականացնել այդ ընտանիքի նկատմամբ : Մի բան ակնհայտ է` եթե մեր իրավապահները նախկինում ռուսական ռազմաբազայի զինվորների արաքների համար պատիժ իրականացրած լինեին և կոծկումներ չլինեին, ապա այս դեպքն էլ , հույս կունենայինք, որ շուտ կբացահայտվեր: Հիմա այն, ինչ պետք է  անել`  բացահայտելն ու պատժելն է»,- մեկնաբանեց Սաֆարյանը:


Մարդասպանն իր  ցուցմունքում նշել էր, որ ցանկացել է զբոսնել քաղաքում և ջուր խմելու նպատակով է այցելել Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը:


Ցուցմունքի առնչությամբ պարոն Սաֆարյանը նկատեց, որ հանցագործը ձերբակալվելուց հետո ժամանակ է անցկացրել ռուսական սահմանապահների մոտ, ինչն էլ  պատճառ է  հանդիսացել ցուցմուքները փոխհամաձայնեցնելու համար:


Հասմիկ Մովսիսյան

 

 

 

 

 

Նույն շարքից