Հասարակություն 

Քաղաքապետի խոսնակը հաստատեց, որ Երևանին տեխնիկա նվիրած կազմակերպություններին շինթույլտվություն է տրվել

«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ սա այն ընկերությունն է, որը Երևանին նվիրել է 10 հատ աղբատար MK-1541-14 (ԳԱԶ), 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը հրապարակեց այն անհատների ու կազմակերպությունների անունները (ոչ ամբողջական), որոնք տարբեր տեխնիկաներ են նվիրել Երևանին:

Կարապետյանը հայտնեց, որ ներկայացված կազմակերպությունների շարքում կան կազմակերպություններ, որոնք նվիրատվությունից առաջ շինթույլատվություն ստացել են, կան կազմակերպություններ, որոնք նվիրատվությունից զատ որևէ առնչություն չի եղել:

Կարապետյանը կրկին հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նվիրատվություն անել քաղաքապետարանին, քաղաքապետարանը միայն դրական բաներ է տեսնում դրա մեջ: Դա վերաբերում է նաև Սամվել Ալեքսանյանին:

Ինչ վերաբերում է Երևանին 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ին, որը կապվում է Սամվել Ալեքսանյանի հետ, Կարապետյանը հայտարարեց, որ այդ ընկերության սեփականատերը թղթերով Ալեքսանյանը չէ, իսկ քաղաքապետարանը լծակներ, ինչպես նաև խնդիր չունի պարզելու, թե ում հետ կապ ունի այս կամ այն ընկերությունը:

Նույն շարքից