Քաղաքականություն 

Ես կարծում եմ` մեր իրավապահների թասիբն այստեղ կաշխատի. Անահիտ Բախշյան

analitik.am

«Ես քիչ առաջ կարդացի այն հոդվածը, որը սահմանում է, որ սովորաբար դատավարությունը պետք է կատարվի այն երկրում, որտեղ տվյալ դեպքը կատարվել է: Հոդվածն արդեն կա և պահանջում է, որ այդ տականքը օրենքի բոլոր խստությամբ իր պատիժը կրի Հայաստանում : Ես կարծում եմ` մեր իրավապահների թասիբն այստեղ կաշխատի»,- analitik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում կատարված սպանության դեպքին, ասաց Կրթության ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:


Տիկին Բախշյանը, որը խորապես ցնցված է տեղի ունեցած հանացագործությունից , կարծում է , որ դեպքի հետ կապված շատ փակագծեր կան. «Շատ անհասկանալի հարցեր կան, որոնք պետք է լավ ուսումնասիրել և բացահայտել…Ջուր խմելու պատրվակով` ավտոմատը ձեռքին ինչ-որ տականք «պատահական» մտնի ընտանիք և ոչնչացնի՞ անմեղ մարդկանց: Նախ ես չեմ հավատում, որ նա մենակ է գործել»,-ասաց զրուցակիցս:


Ըստ նրա, անչափ տարօրինակ է հատկապես այն, որ ռուսական ռազմաբազայից զինվոր է կարողացել փախչել: «Տարօրինակ է` ինչպե՞ս է դա պատահել և ինչո՞ւ պետք է պատահեր, տարօրինակ է, որ դեպքը եղել է առավոտյան 6-20-ին, մինչ այդ ոչ ոք չի իմացել, և միայն ժամը 12-ին են հայտնաբերվել զոհերը . Մի խոսքով, ամեն րոպե նոր հարցեր են ծագում, որոնց պատասխանները դեռևս չկան»: Ինչ վերաբերվում է հայ իրավապահներին, թե մասնավորապես , որտե՞ղ են թերացել և ի՞նչ պետք է անեն կատարված դեպքը լիարժեքորեն բացահայտելու համար, Անահիտ Բախշյանն ասաց. «Նրանք պարտավոր են իրենց գիտական կրթական վարկանիշը բարձր պահել. չպետք է թույլ տան որևէ մեկն այն զրոյից ցածր իջեցնի: Հեղինակությունը պաշտպանելու առումով պետք է պահանջեն, որ այդ գործի քննությունը միայն Հայաստանում լինի, եթե արդարադատություն ենք ուզում, ապա միայն Հայաստանում»:


Հ.Գ. Հավելենք` ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի ներկայության հետ կապված Հայաստանի իրավասության և փոխադարձ իրավական օգնության մասին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ռուսական ռազմաբազայի անդամների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից ՀՀ տարածքում կատարած հանցագործությունների և այլ իրավախախտումների դեպքերում կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործը վարում են ՀՀ իրավասու մարմինները: Թե ինչ հանգուցալուծում կստանա աղմկահարույց քրեական գործը, և թե այս խմորը դեռ որքան ջուր կպահանջի, ցույց կտա ժամանակը:


 Հասմիկ Մովսիսյան

 

Նույն շարքից